Հայտնաբերվել են հնագույն կենդանիների և բույսերի հետքեր․ ՀՀ ԳԱԱ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում է, որ ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր։
««Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված կրաքարերը՝ ուշ մեզոզոյան: Դրանք ունեն օվկիանոսային ծագում, հատակային նստվածքների քարացուկներ են։ Դրանցում պահպանվում են բրածո օրգանիզմների հետքեր, որոնք մահացել են, ընկել ծովի կամ օվկիանոսի հատակը, ժամանակի ընթացքում տվյալ նստվածքի հետ քարացել են և դարձել մի ընդհանրություն։ Այնուհետև, միլիոնավոր տարիների ընթացքում, դարձել են ապարներ, և կենդանու կամ բույսի հետքը մնացել է ապարի մեջ, որն էլ կտրելիս և հղկելիս, հայտնվում է սալիկի մակերեսին», - ասել է Իվան Գաբրիելյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի առաջին հարկի հատակը և աստիճանները երեսպատված են Խոր Վիրապի մարմարի պալեոզոյան դարաշրջանի Քարածխի (359-350 միլիոն տարի առաջ) հասակի տեղավայրերից արդյունահանված սև գույնի սալիկներով: Երկրորդ հարկի հատակը երեսպատված է Իջևանի մարմարացված կրաքարերով, որոնք առաջացել են Մեզոթետիս օվկիանոսի Մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի (մոտ 80 մլն տարի առաջ) հատակային կրաքարերից: «Երկրորդ հարկի հատակի մարմարացված կրաքարե սալիկներում պարունակվում են բելեմնիտների, ծովոզնիների, ծովաստղերի, երկփեղկանի ու փորոտանի փափկամարմինների, ծովաշուշանների և այլ օրգանիզմների դրոշմներ և քարացուկներ,- ասաց Իվան Գաբրիելյանը,- փորձելու ենք պարզել, թե ինչ մակերևույթ և կլիմայական պայմաններ են եղել այդ ժամանակ այս տարածքում, և օրգանիզմներն իրենց զարգացվածության որ մակարդակի վրա են եղել»։
Նա նշեց, որ այսօր հնէակենդանաբանությունը կարող է կլիմայի փոփոխության վերաբերյալ շատ հարցերի պատասխանել։ «Հնէակենդանաբանությունը հավերժական ուղղություն է, ինչքան հետազոտենք, այդքան շատ բան կգտնենք։ Այն, ինչ գտնում ենք ընդերքում, պետք է պահպանել և հետազոտել»,- ասել է Իվան Գաբրիելյանը։
Այս հետազոտության գաղափարը ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանինն է:
Լուսանկարներն արվել են Մոնիկա Երիցյանի, Վիկտորյա Բուռնազյանի, Արայիկ Գրիգորյանի և Իվան Գաբրիելյանի կողմից:
Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի կողմից:
Աշխատանքների գիտական խորհրդատուն է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության բաժնի վարիչ, ե-հ.գ.թ. Արայիկ Գրիգորյանը»:
Նկար 1. Խոր Վիրապի տեղավայրի Գաղութային չորսճառագայթանի կորալներ
Նկար 2. Խոր Վիրապի տեղավայրի Ջրիմուռներ
Նկարներ 3, 4, 5 Խոր Վիրապի տեղավայրի Չորսճառագայթանի միայնակ կորալներ
Նկար 6. Իջևանի տեղավայրի Ծովաշուշանի ոտիկի մի հատված
Նկարներ 7, 8. Իջևանի տեղավայրի Բելեմնիտներ
Նկարներ 9, 10. Իջևանի տեղավայրի Ծովոզնիների պատյաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան