4 անձ մեղարդվում է բազմաթիվ կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթից 4 անձի մասով անջատված մասով նախաքննությունը:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, 2022թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 և 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում:
Այնուհետև 28-ամյա տղամարդը հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու և դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել կնոջ հիշյալ ընկերուհու հետ, որի շրջանակներում 2022թ. դեկտեմբերին կեղծ թղթադրամներն իրացրել է վերջինիս՝ դրանք այլ անձի իրացնելու և գույքային օգուտ ստանալու նպատակով:
Վերջինս նշված կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երևան քաղաքի 31-ամյա բնակչին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը:
Նշված 4 անձանց կողմից կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Կեղծ արտարժույթ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան