Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու 3 հայ կա
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի համար յուրաքանչյուր քվեն կարևոր է ու որոշիչ։ Ուստի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնություններին և փորձում նրանց ներկայացուցիչներին ներգրավել կուսակցության կամ դաշինքի շարքերը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս տարի, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, Կարո Փայլանը չի ընդգրկվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) ցուցակներում, քանի որ թույլատրելի առավելագույն երկու անգամ (8 տարի) նա եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ԺԴԿ-ից։ Այդ օրերին մամուլում տարբեր տեղեկություններ էին պտտվում, որ կուսակցությունը կարող է այլ հայ պատգամավորի թեկնածու առաջադրել, սակայն հրապարակված ցուցակներից պարզ դարձավ, որ հայ թեկնածու այս տարի չկա։
Այլ կուսակցութուններ, սակայն, այս տարի իրենց ցուցակներում ընդգրկել են պատգամավորության հայ թեկնածուների։ Հատկանշական է, որ բոլորն էլ Ստամբուլից են։
Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության շարքերն է համալրել պոլսահայ Սևան Սըվաջըօղլուն, ով ցուցակում ներկայացված է Ստամբուլի 2-րդ շրջանից 9-րդ համարով: Վերջինս մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում, բայց զուգահեռ ծավալում է նաև քաղաքական գործունեություն: Հարկ է նշել, որ նա ԱԶԿ Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ է։
48-ամյա Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, բայց արմատներով Մալաթիայի Արաբկիր շրջանից է։ Դրանից բացի՝ Սևան Սըվաջըօղլուն 2019-ին պատրիարքի ընտրությանը մասնակցած 12 անձանց թվում էր, երբ Թուրքիայի Հայոց պատրիարք ընտրվեց Սահակ Մաշալյանը։ Սըվաջըօղլուն մասնագիտացած է արթրոպլաստիկայի, արթրոսկոպիայի, սպորտային վնասվածքների, ծնկների վիրաբուժության, վնասվածքների և ողնաշարի վիրաբուժության ոլորտում։ Տիրապետում է անգլերենին, ամուսնացած է, ունի 2 դուստր։
Իշխանությունից հետ չի մնում նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժողովրդահանրապետականը» (ԺՀԿ-CHP)։ Նրանց ցուցակներով կրկին Ստամբուլից, այս անգամ արդեն 3-րդ շրջանից առաջադրվել Բաքըրքյոյի շրջանի ԺՀԿ-ական անդամ Մարգարիտ Դիքմեն։ Նա ցուցակում 23-րդն է։ Դիքմեի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն և նրա քաղաքական գործունեության մասին այդքան հաճախ չի խոսվել։ Չնայած նա ևս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում համաքաղաքացիների հետ կազմակերպված հանդիպումներին՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը բավական ցածր են։
Ազգույթամբ հայ պատգամավորի հաջորդ թեկնածուն Թուրքիայի «Աշխատավորական» (ԱԿ-TIP) կուսակցությունից գրող Պողոս Մասիս Քյուրքչյուգիլն է։ Նա ցուցակում 13-րդն է և ներկայացված է Ստամբուլի երկրորդ շրջանից։ Ունի հրատարակած բազմաթիվ գրքեր՝ «Մեկ այլ պատմություն հնարավո՞ր էր․ գրառումներ Հայկական հարցի վերաբերյալ» (Bir Başka Tarih Mümkün Müydü? Ermeni Meselesi Üzerine Yazılar), «Մեզ համար լաց մի՛ եղիր, ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ)» (Bizim İçin Ağlama, IMF!), «Լատինական Ամերիկայի եռացող երակները» (Latin Amerika'nın Kaynayan Damarları) և այլ գրքեր, ինչպես նաև թղթակցել է «Ակոս» և այլ տեղական մի շարք թերթերի։
Հաշվի առնելով ԱԿ-ի խիստ սահմանափակ տեղերը՝ պետք է նշել, որ այս թեկնածուն ևս մեծ շանսեր չունի խորհրդարանում (մեջլիս) հայտնվելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան