«Բարև, ես եմ». Հայկական երկրորդ վերականգնված ֆիլմը, որն ընդգրկվել է «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։ Կաննի կինոփառատոնում կայնալիք այս չափազանց կարևոր ցուցադրությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հայ կինոյի հոբելյանական նախաձեռնություներից մեկն է, որը նպատակ ունի հանրահռչակել մեկդարյա հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը:
Ազգային կինոկենտրոնի թիմը «Բարև, ես եմ»-ի վերականգնման նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս 1,5 տարի առաջ, քանի որ նմանատիպ աշխատանքները կարիք ունեն երկարատև նախապատրաստական շրջանի։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ 2023 թվականին արդեն իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը սովետական ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի իրական կյանքի վրա հիմնված ողբերգական պատմության անդրադարձն է՝ սիրո և գիտության առեղծվածները։ Դովլաթյանի կինոնկարը ինքնահայտնաբերման, ինքնագիտակցության, իր «ես»-ը, սեփական տեղն այս աշխարհում հաստատելն է։ Հայ հանրության անունից՝ այդ ժամանակի հերոսը ասաց՝ «Բարեւ, ես եմ»՝ փորձելով ճանապարհ հարթել գալիք բազում «ես-անհատների» համար։
Դերերում հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան, Գալյա Նովենցը, Լ. Բաբիչկովան, Ֆրունզե Դովլաթյանը։
1966 թվականին «Բարև, ես եմ»-ը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսատես։ Ֆիլմը 1966 թ․ մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Այն ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։ Կինոնկարում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը հայկական երկրորդ վերականգնված ֆիլմն է, որ ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում։ Դեռևս 2014 թ․ Կաննի փառատոնում «Կաննի դասականներ» ծրագրում, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել էր վերականգնող հիմնադրամը: Վերոհիշյալ հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից։