Լավրովի հետ հանդիպմանը քննարկել ենք Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումից հետո վերադարձել է Թուրքիա։ Անթալիայի օդանավակայանում նա մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել, գրում է Էրմենիհաբերը։
Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած երկկողմ հանդիպումից՝ Չավուշօղլուն նշել է․ «Սիրիայի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակումից հետո քննարկել ենք մեր օրակարգում առկա երկկողմ հարցերը։
Տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին էլ մտքեր փոխանակեցինք։ Հատկապես քննարկեցինք Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այսօրվա հանդիպմանը ևս քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ հատկապես Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները, և անշուշտ կարևոր մի հարց ևս՝ Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»։