Յաբլոնսկայա. Մրցույթի և նրա մասնակիցների միջոցով Խաչատրյանի երաժշտությունը ներկայացվում է աշխարհին
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի նրա անունը կրող ամենամյա միջազգային երաժշտական մրցույթը։ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից Panorama.am-ին հայտնեցին, որ այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է 19-րդ անգամ դաշնամուր մասնագիտական կարգում։ Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են ժամանում տաղանդավոր երաժիշտներ՝ պայքարելու խաչատրյանական հեղինակավոր ստուգատեսի հաղթողի կոչման համար։
Մրցույթի ժյուրիի կազում ընդգրկված են մեծ ճանաչում վայելող երաժիշտներ։ Այս տարի ժյուրի կազմում է լինելու նաև անվանի դաշնակահարուհի Օքսանա Յաբլոնսկայան։ Դաշնակահարուհին ընդգծում է, որ մրցույթի և նրա մասնակիցների միջոցով Արամ Խաչատրյանի երաժշտությունը ներկայացվում է աշխարհին։ Նշենք, որ մրցութային ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։
Յաբլոնսկայան ակնկալում է, որ Երևանում կհանդիպի մեծ արտիստիզմ և ներկայացվող ստեղծագործությունների խոր ընկալում ունեցող երիտասարդ դաշնակահարների։ Նա նշում է, որ մրցույթների ժամանակ երաժիշտների կատարումներն ունկնդրելիս, որպես կանոն, 3-ից 5 երաժիշտներ անմիջապես տպավորում են իրեն խոր անհատականությամբ ու խարիզմայով։ Համոզված է, որ նման կատարողների Երևանում նույնպես կհանդիպի: Ժյուրիի անդամը մրցույթի ապագա մասնակիցներին խորհուրդ է տալիս կատարումների ժամանակ շեշտել սեփական անհատականությունը։
Օքսանա Յաբլոնսկայան նաև նշում է, որ շատ լավ ծանոթ է Արամ Խաչատրյանի արվեստին, կատարել է նրա կոնցերտը, այլ ստեղծագործություններ, որոնք նաև ձայնագրել է։ Ուստի իր համար հեշտ կլինի գնահատել յուրաքանչյուր մասնակցի՝ մեծ վարպետի ստեղծագործությունների կատարումը։
Յաբլոնսկայան բարձր է գնահատում Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը։ Ըստ նրա՝ դասական երաժշտության աշխարհում Խաչատրյանի երաժշտությունը վաղուց իր հաստատուն տեղն ունի. «Նրա ստեղծագործությունները ձայնագրվել են աշխարհի առաջատար երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի կողմից, նրա բալետները բեմադրվում են օպերայի և բալետի խոշոր թատրոններում։ Խաչատրյանի երաժշտությունն անմիջապես ճանաչվում է՝ ազգային ռիթմերի ու թեմաների հրաշագեղ երանգներով»։
Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում
- Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը մեկ հարկի տակ կհավաքի աշխարհահռչակ երաժիշտների
- Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը կներկայացնի մեծանուն արտիստների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան