Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան՝ լի հետաքրքիր և ծիծաղելի իրավիճակներով
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 12-ին և 15-ին տեղի կունենա հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղը:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման երաժշտական ղեկավար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց, այս ստեղծագործությունը շատ կարևոր է թատրոնի համար։
«Մենք որոշել ենք այս պրոեկտն անել երիտասարդ ձայների հետ։ Օպերային թատրոնն ունի Երիտասարդական օպերային ծրագիր։ Գաղափարն այն է, որ երիտասարդներին սկսենք պատրաստել ապագայում մեծ բեմահարթակ բարձրանալու համար և որոշեցինք սկսել Դոնիցետիից։ Իրենց հետ հաջորդ նախագիծը կլինի Մոցարտ։ Երիտասարդները մեր ապագան են։ Արտիստի բարձրանալու ճանապարհը մենք որոշեցինք Դոնիցետիից սկսել»,- ասաց Դուրգարյանը։
Նրա ներկայացմամբ, «Սիրո ըմպելիք» օպերան լի է հումորային տեսարաններով, հետաքրքիր լուծումներով, դինամիկ է։ Կ. Դուրգարյանն ասաց, որ ավագ կոլեգաները փորձել են առավելագունն անել երիտասարդների համար, որպեսզի իրենք իրենց բեմահարթակում զգան հանգիստ, կամաց- կամաց գան օպերային թատրոն՝ իբրև արտիստներ։
«Բեմադրության ռեժիսորը նույնպես շատ երիտասարդ է, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Օլգա Գուսևան։ Երաժշտական ռեժիսորայի բաժինն այս տարի է ավարտելու։ Մեր թատրոնում աշխատում է ռեժիսոր, որոշում եղավ, որ հենց նա պետք է բեմադրի»,- ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Ասուլիսին ներկա օպերայի ռեժիսորի օգնական, խորեոգրաֆ Արա Ասատուրյանի խոսքով, Օլգա Գուսևան կարևոր ձեռքբերում է մեր թատրոնի համար, պետերբուրգյան ոգին է բերել այստեղ։
«Քանի որ կատակերգություն է, շարժումն օգնում է ավելի հետաքրքիր դարձնել իրավիճակները։ Հանդիսատեսը ցանկացած պահի բեմի տարբեր անկյուններում կտեսնի հետաքրքիր, ծիծաղելի իրավիճակներ, նաև պարային մասեր։ Մեծ մասամբ, չապլինյան ոգի ենք դրել դրա մեջ։ Օպերայի ընդհանուր լուծումը շատ դինամիկ է և պլաստիկ»,- ասաց Արա Ասատուրյանը։
Կ.Դուրգարյանը նշեց, որ օպերային թատրոնը գնում է մի ճանապարհով, որը կոչվում է՝ օպերային թատրոնում ոչ միայն երգել, այլ նաև խաղալ։
Նա շատ կարևորեց մանկական ներկայացումները՝ նշելով, որ օպերային թատրոնը տարին մի քանի անգամ պետք է մանկական ներկայացումներ բեմադրի։
«Հանդիսատեսի հետ պետք է աշխատել։ Մանկական ներկայացումներ պետք է բեմադրել, որպեսզի ձևավորենք նոր սերունդ, թատրոն սիրող սերունդ, ճաշակ ունեցող սերունդ։ Նկատի ունեմ ոչ միայն օպերային թատրոնը, բոլոր թատրոնները, քանի որ մեզ անհրաժեշտ են պարկեշտ քաղաքացիներ, իսկ ով սիրում է թատրոն գալ, նա այսպես թե այնպես պարկեշտ է»,- ասաց Կարեն Դուրգարյանը։
Հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի առաջին բեմադրությունը կայացել է Միլանում 1832 թվականի մայիսի 12-ին։ «Սիրո ըմպելիքը» կոմպոզիտորի ամենափայլուն կատակերգական օպերաներից է, որը հագեցած է հիանալի մեղեդիներով և ունի անսովոր ու հետաքրքիր սյուժե:
Լիբրետոյի հեղինակը Ֆելիչե Ռոմանինն է, ում հետ կոմպոզիտորը բազմիցս համագործակցել է։ Որպես լիբրետոյի հիմք Ռոմանին օգտագործել է կատակերգությունների մեծ վարպետ՝ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի Վոդևիլը։ Ներկայացմանը մասնակցում են թատրոնի և «Երիտասարդական օպերային ծրագրի» մեներգիչները:
Ներկայացման երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրող ռեժիսոր և գեղարվեստական հայեցակարգի հեղինակ՝ Օլգա Գուսևա, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան, խորեոգրաֆ՝ Արա Ասատրյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Ներկայացմանը մասնակցելու են Թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները:
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան