Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից. «Ազատություն»
Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։
«Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից հետո ևս մեկ քննարկում կազմակերպելն իմաստ չէր ունենա»,- փոխանցում են եվրոպական աղբյուրները։
Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումները դադարել էին կես տարի առաջ․ վերջինը տեղի էր ունեցել անցած հոկտեմբերին Պրահայում, որտեղ Ալիև-Փաշինյան-Միշել եռյակին միացել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Եվս մեկ՝ քառակողմ հանդիպում էլ նախատեսված էր անցած դեկտեմբերին, սակայն Ալիևը չեղարկեց այն՝ պնդելով, թե Փարիզը հակաադրբեջանական դիրքորոշում ունի և չի կարող չեզոք միջնորդ լինել։
Հայկական կողմն, իր հերթին, հայտարարել էր, թե ցանկանում է պահպանել Մակրոնի մասնակցությունը։ Տարաձայնությունը հարթելու համար Բրյուսելը անցած ամիսներին շարունակական շփման մեջ է եղել կողմերի հետ՝ փորձելով գտնել երկուստեք ընդունելի լուծում։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ այս հարցում որոշիչ է եղել Ֆրանսիայի արտգործնախարարի վերջին այցը տարածաշրջան, որը ցանկալի արդյունքը չի տվել՝ ակնհայտ դարձնելով, թե՛ կողմերի, թե՛ Փարիզի համար, որ պետք է գտնել փոխզիջումային տարբերակ։
Ըստ այդմ, Երևանը համաձայնել է նախ մեկ հանդիպում անցկացնել առանց Ֆրանսիայի նախագահի, մոտ երկու շաբաթից էլ շարունակել քննարկումը՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե դա եղել է Բաքվի պայմանը՝ Մակրոնի միջնորդությանը համաձայնելու համար։
Կողմերը նաև համաձայնել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի, երեկ հայտարարել էր Եվրամիությունը։
«Ազատություն»-ը նաև գրում է, որ առաջիկա հանդիպման մասին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նաև ամերիկյան Pօlitico-ին։
«Մենք այդ հանդիպումը դիտարկում ենք որպես բրյուսելյան եռակողմ ձևաչափի վերսկսում և անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած կարևոր և դրական քննարկումների շարունակություն»,- ասել են եվրոպացի դիվանագետները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։