Իջևանում խմորեղենը պատրաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Իջևան) և պարզել, որ արտադրամասում առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
ՍԱՏՄ-ից մանրամասնում են՝
- արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը,
- արտադրական շինությունը ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, լվացարաններով,
- հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: