Սուրենյանց. Փաշինյանի հիմնական վախը. ո՞րն է լուծումը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Երեկ Պետրոս Ղազարյանի տաղավարում հյուրընկալված Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ասել է. «Եթե պետությունը փրկելը պահանջում է քայլ, որի պատճառով կարող ես կորցնել իշխանությունը, ապա միևնույն է պետք է գնալ այդ քայլին»։
Լիպարիտյանն այդ միտքն արտահայտել է ԼՂ խնդրի, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում:
Հմուտ դիվանագետի ակնարկն առավելապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բացահայտում է նրա վախերը, ինչի հետևանքով խաղաղության գործընթացը հայտնվել է գործող վարչապետի իշխանասիրության սարդոստայնում:
2018-ի հեղափոխությունը կարելի էր բեկումնային համարել, եթե Փաշինյանն օգտագործեր լեգիտիմության մեծ պաշարը ու գնար ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհով՝ կանխելով ազգակործան պատերազմը:
Այլ խոսքով, Փաշինյանը պետք է վերադառնար մեր պետության այն հանգրվանին, որն ընդհատվել էր հայկական «թերմիդորի» պալատական հեղաշրջմամբ:
Բայց Փաշինյանը տառապում էր Տիգրան Մեծ դառնալու մարմաջով, ինչի հետևանքով ոչնչացվեց Արցախի սուբեկտությունը, անդառնալի հարված հասցվեց Հայաստանի պետականության ողնաշարին:
Հիմա էլ Փաշինյանը չի գնալու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բարդ ու ցավոտ լուծմանը, որովհետև վտանգելու է իր միակ «սրբությունը»՝ իշխանությունը:
Թերևս, միակ ռացիոնալ լուծումն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները լուծեն Հայաստանի հիմնական խնդիրը՝ այնպիսի իշխանության ձևավորման հարցը, որը պատրաստ կլինի առերեսվել իրականության հետ ու գնալ քաղաքական խիզախ լուծումների:
Բայց դրա համար նախ անհրաժեշտ է նոր որակի ընդդիմության կայացումը, որը կփորձի հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի շուրջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան