
Հակառակորդի կողմից երկու զինծառայողի վիրավորվելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․
«2023թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կիրառել են մարտական ԱԹՍ, որի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ:
Նույն օրը վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Դեպքի առթիվ ՀՀքննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով /2 դրվագ/։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»։