2014 թվականից ի վեր ԵՄ-ն 30%-ով ավելացրել է իր ռազմական ծախսերը․ Բորել
ԵՄ ռազմական ծախսերը 2014 թվականից ի վեր աճել են 30%-ով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը EU-APR ֆորումի բացման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական միացումից հետո ԵՄ ռազմական ծախսերն աճել են 30 տոկոսով»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս միտումն ավելի ցայտուն է, նրանք 2013թ-ի համեմատ իրենց ռազմական ծախսերն ավելացրել են 40%-ով։
«Ցավոք, աշխարհում անվտանգության գլոբալ մթնոլորտը շարունակում է վատթարանալ, ընկնում է վստահությունը առանցքային խաղացողների միջեւ, նվազում է հարգանքը միջազգային նորմերի նկատմամբ, ուժն ու սպառնալիքները գնալով ավելի մեծ դեր են խաղում», - նշել է Բորելը:
Նա հավելել է, որ համաշխարհային ռազմական ծախսերն անցյալ տարի աճել են ՝ հասնելով ռեկորդային մակարդակի ՝ 2,2 տրլն դոլարի: Նա չի հստակեցրել, որ այդ գումարի կեսից ավելին՝ 1,232 տրիլիոն դոլարը, բաժին է ընկել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի երկրներին, հայտնում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI): SIPRI-ի տվյալներով՝ միայն 2022 թվականին Եվրոպայում ռազմական ծախսերն աճել են 13%-ով։