Փաշինյան. Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի և Արարատի արանքում
Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:
«Մենք հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք բոլորս՝ ինձնից սկսած ձեզանով շարունակած։ Մեզ համար հայրենիքը նույնը չի, ինչ պետությունը, և ստիպված ենք անընդհատ ընտրություն կատարել հայրենիք և պետություն հասկացությունների միջև։ Իմ ընկալումն այն է, որ մենք պետք է ընտրություն կատարենք պետության օգտին»,-ասել է Փաշինյանը խարույկի շուրջ զրույցի ընթացքում։
Նրա խոսքով, եթե պետության օգտին չկատարենք ընրություն, անընդհատ կկորցնենք։
«Պետք է նույնականացնել հայրենիք և պետություն հասկացությունները, և դա պետք է անել 29.800 քկմ տարածքում։ Հետևաբար իմ պատասխանն է, որ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բացարձակ բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի և Արարատի արանքում, երազանքի ու իրականության արանքում»,-ասաց նա։