Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Այս մասին հայտնում են գլխացոր դատախազությունից ու հիշեցնում, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում, քանի որ Վ.Ա.-ն, մասնակցելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկմանը, դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, դիմել էր փախուստի: Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտնաբերվել և բերման էր ենթարկվել Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Նույն օրը Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ն տեղափոխվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
2021 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը), 324-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):
Աղբյուրը նաև հայտնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին հսկող դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2021 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանը, քննելով Վ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածությունը, որոշել էր կիրառել այլ խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավ:
Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը դատախազի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել Վ.Ա.-ի վերաբերյալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:
2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի վճռաբեկ բողոքը:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 8-ին որոշումն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ որոշման պահանջներն անհապաղ կատարելու հանձնարարությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան