ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կարիքների համար ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերը ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր գնով
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական 45 տեխնիկաների պահեստամասերը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։ Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։
«Պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։
Շուրջ 700 ինժեներական-ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերից առանձնացվել է 45-ը, որոնց գնային արժեքն էականորեն բարձր է եղել շուկայում նույն ապրանքատեսակների համար առաջարկվող գներից։
45 պահեստամասերից 18-ը գնվել են 8 մլն 981 հազար 896 դրամով թանկ, իսկ 27 անվանում պահեստամասերը գնվել են 73 մլն 949 հազար 800 դրամով թանկ։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի ապրիլի 20-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս)»,- նշում են Դատախազությունից։:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան