Բացահայտվել է հանցավոր սխեմա
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց համերկրացիներից կամ ՀՀ քաղաքացիներից համապատասխան երկիր փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմ։
«Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ կիրառվող պատժամիջոցների պայմաններում կոնկրետ երկիր դոլարային արտարժույթով փոխանցում կատարելու դժվարություններ ունենալու պայմաններում անձինք, այդ թվում նաև՝ Հայաստանում գտնվող տվյալ երկրի քաղաքացիները, տեղեկանում են, որ Երևան քաղաքում գործում է տվյալ երկիր գումարների փոխանցումով զբաղվող գրասենյակ։ Դիմելով վերջինիս տնօրեն ներկայացող՝ տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող անձին՝ վստահում են նրան իրենց պատկանող տարբեր չափերով գումարները՝ տվյալ երկրում գտնվող՝ իրենց կողմից նշվող անձանց հաշվեհամարներին փոխանցելու նպատակով։ Որպես գրասենյակի ներկայացուցիչ ներկայացող անձինք առաջին անգամ պատշաճ կերպով կատարում են փոխանցումը, որից հետո, վստահելով վերջինիս՝ նույն անձինք երկրորդ անգամ են փոխանցումն իրականացնելու նպատակով խոշոր չափերով գումար տրամադրում նրանց։ Սակայն օգտագործելով վերջիններիս մոտ ձեռք բերած վստահությունը, ստացած գումարները չեն փոխանցում համապատասխան հաշվեհամարներին, խաբեությամբ տիրանում են տուժողների գումարներին՝ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, 2021թ. հոկտեմբերին, գրասենյակի տնօրենի կողմից 20.000 ԱՄՆ դոլարը այլ երկրում գտնվող իր հարազատին փոխանցելուց և նրա նկատմամբ վստահություն ձեռք բերելուց հետո օրեր անց ևս 50.000 ԱՄՆ դոլար գումար է տվել նրան՝ նույն եղանակով փոխանցում կատարելու համար։ Որոշ ժամանակ անձը գրասենյակի «ՎոթսԱփ» համարից ստացել է բանկային փոխանցման 2 կտրոնի նկար, ըստ որոնց, իբր, նրա անվամբ փոխանցվել է 28.000 ԱՄՆ դոլար: Սակայն բանկում նրան հայտնել են, որ ներկայացրած կտրոններով փոխանցում չի կատարվել: Պարզաբանումներ ստանալու համար դիմել է գրասենյակի տնօրեն ներկայացած անձին, ով տեղեկացրել է, որ աշխատողը, վերցնելով գումարները, փախել է:
Մեկ այլ դեպքում, 2022թ. մայիսին, օտարերկրացի անձը, նախապես ծանոթանալով ՀՀ-ից գումարների փոխանցմամբ զբաղվող վերոնշյալ անձի հետ, 2022թ. ապրիլին նրանց է տրամադրել 3000 ԱՄՆ դոլար, որը նույն օրը փոխանցվել է իրենց կողմից նշված հաշվեհամարին:
Վստահություն ձեռք բերելով այդ անձի նկատմամբ՝ օտարերկրացի քաղաքացին նրան է վստահել ևս 42.600 ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը։ Սակայն վերջինս, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով վստահությունը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, վերցված նշված գումարը չի փոխանցել և խաբեությամբ տիրացել են դրան։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա որպես գրասենյակի տնօրեն հանդես եկած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ)։ Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանքը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Որպես գրասենյակի աշխատակից հանդես եկած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում:
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվում են տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող բազմաթիվ անձինք, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների կողմից տվյալ երկրի քաղաքացիների հետ ունեցած գործարար կապերը՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի ճանապարհով և մեխանիզմներով, անվստահելի անձանց միջոցով նման գործարքներ իրականացնելու փորձերից և այդ կերպ խարդախության զոհ դառնալու հեռանկարից»,- հայտնում են Քննչական կոմիտեից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան