Այն մեզ համար իրականում առ ոչինչ է. Մետաքսե Հակոբյանը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքներով արված հայտարարության մասին
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են պետությունների տարածքային ամբողջականությունները, համապատասխանաբար 29800 ք/կմ և 86600ք/կմ տարածով՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն: Panorama.am-ն հնչած հայտարարության վերաբերյալ խնդրեց կարծիք հայտնել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանին:
Panorama.am-Տիկի՛ն Հակոբյան, ինչպե՞ս Արցախն ընդունեց Շառլ Միշելի՝ բանակցությունների արդյունքներով արված հայտարարությունը:
Մ. Հակոբյան-Մենք ականատեսը եղանք այն փաստի հաստատմանը, ինչի մասին 2021 թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսեց միջազգային հանրության՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ: Ըստ էության, երբ նա խոսում էր միջազգային հանրության մասին, նկատի ուներ հավաքական Արևմուտքը, ինչը նաև հանդիպման ժամանակ հաստատվեց: Անկեղծ ասած, այդ հայտարարության մեջ մեր համար անսպասելի որևէ բան չկար, որովհետև ոչ միայն պատերզմից հետո, այլ դեռևս 2018 թ.-ից ասում էինք և գիտեինք, որ այս իշխանությունները Հայաստանում նշանակվում են, որպեսզի ի կատար ածեն և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի բոլոր նպատակներն ու երազանքները: Ցավոք սրտի, բոլոր խաղացողներն ունեն իրենց կոնկրետ շահը և այս իշխանությունները սպասարկեցին բոլորի շահերն էլ: Ինչ վերաբերում է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների արձանագրմանը, ապա կարող եմ փաստել, որ այն մեզ համար իրականում առ ոչինչ է, որովհետև որևէ մեկը՝ կլինի քաղաքական գործիչ, իշխանություն, միջազգային հանրություն, չի կարող բռնանալ 120 հազար հայի կամքի վրա և մեր փոխարեն որոշում կայացնել: Սա՝ ի պատասխան իրենց արած հայտարարության:
Ինչ վերաբերում է հայտարարության իրավական կողմին՝ ասեմ որ այնտեղ խեղաթյուրված է ամեն բան՝ սկսած Ալմա Աթայի հռչակագրից, որը որպես հիմնավորում են վերցրել նման հայտարարություն անելու և հետագայում՝ նաև փաստաթուղթը ձևակերպելու համար: Որովհետև Ալմա Աթայի հռչակագիրը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին է ստեղծվել, որով ԱՊՀ երկրները, հիմնվելով այդ հռչակագրի վրա, փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանինը և՝ հակառակը: 30 տարի շարունակ, նաև Ալմա Աթայի հռչակագրով Ադրբեջանի Հանրապետությունը 75000 ք/կմ է եղել և շատ տարօրինակ կերպով հնչեց 86600 ք/կմ-ի մասին՝ խեղաթյուրելով նաև այդ հռչակագիրը, որտեղ, ամեն դեպքում, թվեր էլ նշված չէին, բայց այն ժամանակվա փաստացի սահմաններով էին ամրագրված: Ինչո՞ւ էր փաստացի 75000ք/կմ, որովհետև Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից Ալմա Աթայի հռչակագրից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին և որևէ կերպ Արցախը չէր կարող որևէ առնչություն ունենլ Ադրբեջանի Հանրապետության հետ, որը նույնիսկ իրեն չէր հռչակել որպես Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ:
Հետևաբար, և՛ քաղաքական, և՛ իրավական առումով կեղծ օրակարգ է, ինչի վրա էլ իրենք հիմնվում են: Նաև այն հանգամանքը, որը պատահական չէր, որ Հայաստանի վարչապետը բավականին կերկար ժամանակ, պատեհ-անպատեհ բոլոր առիթներով շեշտում էր Հայաստանի 29800 ք/կմ-ի մասին, կարծես անընդհատ հորդորելով, պարտադրելով, որպեսզի Ադրբեջանը ևս իր տարածքների վերաբերյալ թիվ հնչեցնի, ինչը և արվեց այդ հանդիպման ժամանակ: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները , հենց իրենք նշելով 86600ք/կմ-ն, դեռևս բանավոր պայմանավորվածություններով, ինչը բնորոշ է այս իշխանություններին, 86600 ք/կմ-ի մեջ ներառեցին նաև Արցախի Հանրապետությունը:
Արցախի սթափ քաղաքական ուժերի համար, որոնք բավականին շատ են, արցախի ժողովրդի, Արցախում բնակվող հայերի համար որևէ կերպ ընդունելի չի լինելու, ուզում է այն բանավոր պայմանավորվածություն լինի, ուզում է գրավոր լինի, ոչ էլ մենք թույլ ենք տալու ի կատար ածվի: Կարծում եմ այդ առումով արցախցին իր կամքի դրսևորումը ցուցադրել է:
Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներով տարածքված հայտարարության վերաբերյալ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի արձագանքի մեջ քննադատության բոլոր սլաքներն ուղղված էին դեպի Եվրոպան, բայց Նիկոլ Փաշինյանի մասին որևէ ակնարկ չկար:
Մ.Հակոբյան-Մենք վաղուց ուենք մեր դիրքորոշումն Արցախի իշխանությունների նկատմամբ: Անկախ նրանից, թե որ կառույցն է հայտարարություն կամ քայլ անում՝ Արցախի իշխանություններն ունեն, այսպես ասած, քաղաքական հեզություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իրենց լռությամբ, քանի որ այդ հայտարարությունը ևս լռության դրսևորում էր, կամ ավելի վատ՝ ի վնաս Արցախի արված հայտարարություն էր, որովհետև պետք է գիտակցել, որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ընդամենը միջնորդ կողմեր են, շահառու կողմը Արցախն է, շահագրգիտ կողմը՝ Հայաստանը և, իշխանություններն էլ իրենց պետք է համապատասխանաբար դրսևորեին: Արցախի իշխանությունները, որպես շահառու կողմ պետք է լինեին այնպիսին, որ կարողանային մասնակիցը լինել այդ վարվող քաղաքականությանը, կամ նույնիսկ՝ մասնակից լինելով կամք ունենային հակառակվելու, ինչը իրենք չունեն, չեն կարող որովհետև, ըստ էության, ինչպես ժամանակին Արայիկ Հարությունյանն էր ասում, ստորակետի ճշտությամբ համաձայն են Հայաստանի իշխանությունների հետ, ինչը իրենք չեն էլ թաքցնում իրենց պահվածքով: Հետևաբար՝ ԱԳՆ-ի հայտարարությունն էլ պետք է նմանատիպ լիներ, որևէ զարմանալու բան չկա: Ասեմ ավելին, երեկ կարծես թե և՛ Արցախի իշխանությունները, և՛ էլի ինչ-որ քաղաքական ուժեր «շատ ավելի կարևոր հարց» էին լուծում Արցախում, քան արագ, լուրջ քննարկումները և հակազդեցության ձևեր փնտնելը՝ զբաղված լինելով պետնախարարի պաշտոնը քննարկելով և բաշխելով: Այն իրեցն համար շատ ավելի կարևոր էր քան Արցախի լինել-չլինելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Միշելի հայտարարությունը վկայում են այն մասին, որ ԵՄ ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքները
- Դավիթ Բաբայան. Ոչխարի վերջը խորովածն է, լավ իմացեք
- Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը. «Հայկական ալիք»
- Այսպիսով, դավաճան-բռնապետիկը Բրյուսելում ևս մեկ անգամ ուրացավ Արցախ-հայրենիքը. Իշխանյան
- Միշելն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությունը
- Այս պահին այլ մանրամասներ հաղորդելու անհրաժեշտություն չկա. Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան