Հաղթանակում բացվեց Հայրենյաց պաշտպաններին նվիրված հուշակոթող
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում այսօր բացվեց Հայրենյաց պաշտպաններին նվիրված հուշակոթող։
Արցախյան պատերազմից ի վեր թաղամասի զինվորական պանթեոնն ընդլայնվում է... Դեռ վերջերս Հաղթանակ մտնող ճանապարհի վերևում սև ժապավեններ էին՝ գուժելով անցած տարվա սեպտեմբերին զոհված Կարենի, Էդմոնի, ապա Ազատ գյուղի կացարանում Հրաչյայի մահը։
Մինչ այդ՝ արցախյան երրորդ պատերազմում զոհվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի կազմում ճակատ մեկնած կամավորներ Միհրան Մանուկյանը, Արտակ Դեղոյանը։
Թաղամասի դպրոցը, մանկապարտեզն արցախյան առաջին պատերազմում անմահացած Նորիկ Խաչատրյանի, Լյովա Կատվալյանի անունն են կրում։
Անմահացած տղաների ուսուցիչները, ընկերները, հարազատները, զավակները, հարևանները, թաղամասի բնակիչներն այսօր իրենց խոնարհումն ու հարգանքն արտահայտեցին նահատակված հերոսների հիշատակին. Ա. Խաչատրյանի անվան մակապարտեզի մոտ բացվեց փոքրիկ պուրակ։
44-օրյա պատերազմում զոհված Միհրան Մանուկյանի հայրը՝ Հակոբ Մանուկյանն ընդգծում է նման հուշարձանի կարևորությունը, այն նաև դաստիարակչական նշանակություն ունի, սերնդեսերունդ պետք է փոխանցվեն հերոսացածների մասին պատմությունները։
«Իմ տղայի նման շատերը գնացին հանուն հայրենիքի, երեխաների։ Հակառակորդի թիկունքում նրանք կարևոր գործողություն իրականացրեցին։ Արեգասարի պատմությունն է... դուրս չեկան թիկունքից... Ես նրա հետ առավոտյան դուրս եկա տանից։ Ինձ ասում են՝ ծնող էիր, հետ պահեիր։ Ո՞նց հետ պահեմ, հո չի գնում գողության, հանցագործության, հողի համար է գնում։ Ուղղակի ես ափսոսում եմ, որ չհասա նրան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի հայրը։
Հուշարձանի բացման միջոցառմանը մասնակցում էր նաև հաղթանակցի Միշա Ավետիսյանը, որը 44-օրյա պատերազմում գլխուղեղի ծանր վիրավորում ստանալու հետևանքով տևական ժամանակ ծայրահեղ ծանր վիճակում էր։ Բժիշկները հույս չէին տալիս, որ Միշան կապրի։
«Միշան ապացուցել է, որ հանձնվող չէ»,-հայտարարեց միջոցառման վարողը, ինչին հետևեցին ծափահարություններ։
Միջոցառման ժամանակ հնչեց տերունական աղոթքը։ Դպրոցի, մանկապարտեզի սաները հանդես եկան պարային ու երաժշտական կատարումներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում