ՍԱՏՄ կոչը՝ էքսկուրսիաներին ընդառաջ
Շուտով կավարտվի ուսումնական տարին և ամառային սեզոնը կազդարարի տարբեր ավարտական էքսկուրսիաների մեկնարկը, որոնք նաև բնության գրկում բացօթյա խնջույքների առիթ են:
Սպասվող միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված խնդիրները, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է ուսուցիչներին և ծնողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ և հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող որոշ պահանջների.
.համոզվեք, որ սննդամթերքը թարմ է,
. նայեք պիտանիության ժամկետներին,
. համոզվեք, որ գնման պահին սննդամթերքը պահվում էր մակնշմանը համապատասխան ջերմային ռեժիմում,
. մի գնեք սննդամթերք փողոցից,
. մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,
. միս գնելուց պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։
. Փոխադրամիջոցով տեղափոխվող սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ տարաներում, բացառել հում և պատրաստի սննդամթերքի շփումը։
ՍԱՏՄ-ից հորդորում են հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին (կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք, կրեմային հրուշակեղեն, ըմպելիքներ, արագ սառեցրած մթերք և այլն), որոնք ենթակա չեն պահման առանց սառնարանային պայմանների:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ ինչպես մթերքի փչացմանը նպաստող, այնպես էլ սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:
Առաջարկում ենք կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն) անպայման պահել-տեղափոխել սառնարան-պայուսակներում, որոնցում ջերմաստիճանային ճիշտ պայմաններ (-2 - +4) կապահովվեն:
«Կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք և խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:
Անհրաժեշտ է նաև տեղում՝ բնության գրկում, հետևել պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պետք է պատշաճ լվանալ դրանք խմելու հոսող ջրով և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից (ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց) խուսափելու նպատակով՝ օճառով լվանալ ձեռքերը:
Հաշվի առնելով սննդային թունավորումների ժամանակ հավի մսի ռիսկայնությունը՝ առաջարկում ենք հավի մսից պատրաստվող կերակրատեսակների ժամանակ առավել ուշադիր լինել, ինչպես պատրատման հիգիենային՝ խաչաձև աղտոտում (ոչ պատշաճ լվացված և ախտահանված ձեռքեր, հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործվող գույք), այնպես էլ պատրաստման ջերմաստիճանին և տևողությանը (մսի խորքում ջերմաստիճանը պետք է հասցնել 65-70C)։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով»,-նշում են տեսչական մարմնից։