ԱՃԹՆ. Ստիպված ենք հիշեցնել, որ ՀՀ գերատեսչությունները պարտավոր են առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ
ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները հանդես են եկել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ լրացուցիչ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«2023 թվականի մայիսի 12-ին՝ ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) խմբակցության մայիսի 11-ի հայտարարության հրապարակումից հետո, ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեր դեռևս 2023թ. օգոստոսի 26-ին գրված նամակի պատասխանը, որի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև։
1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր պատասխանում նշել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կարծիքի է ներկայացրել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության բոլոր չորս տարբերակները, հավանաբար՝ համարելով, որ այդպիսով կատարել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջը ռազմավարական էկոլոգիական գնահատում (ՌԷԳ) իրականացնելու վերաբերյալ։
Ստիպված ենք հստակեցնել, որ ՀՀ օրենսդրությունը, հիմք ընդունելով տնտեսական զարգացման ծրագրերի բացասական ազդեցությունների հավանականությունը, նախատեսում է ոչ միայն ընթացիկ համագործակցություն համապատասխան գերատեսչությունների հետ, այլև՝ բավականին մանրամասնորեն կարգավորված գործընթաց՝ նվազեցնելու հնարավոր բացասական հետևանքները։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ օրենսդրության տվյալ պահանջները մշակվել են հիմք ընդունելով տվյալ ոլորտին առնչվող միջազգային ստանդարտներն ու փորձը։
Այսպես՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն
● հոդված 4, մաս 1, կետ 6-ով՝ հիմնադրութային փաստաթղթերի շարքին են դասվում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթերի, այդ թվում՝ քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր և այլ, նախագծերը.
● նույն հոդվածի մաս 1-ի կետ 9-ով՝ ռազմավարական գնահատումը հիմնադրութային փաստաթղթի գործողության արդյունքում հնարավոր ազդեցության ամբողջական, գումարային գնահատման գործընթացն է, որի արդյունքում նույն հոդվածի, մաս 1-ի կետ 25-ով՝ նախատեսվում է ունենալ առանձին հաշվետվություն ․
● հոդված 14-ի մաս 1-ով ռազմավարական գնահատման և փորձաքննության, ի թիվս այլոց, ենթակա են ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, սոցիալ-տնտեսական, առողջապահության, բնապահպանության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը, որոնց բոլորին, փաստացի, վերաբերելի են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը․
● հոդված 16-ով ՌԷԳ-ն իրականացվում է փորձաքննության նախնական փուլում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա․
● հոդված 17-ով ներկայացվում է հիմնադրույթային փաստաթղթերի ՌԷԳ գործընթացը․
● հոդված 18-ով տասը կետով սահմանվում են հիմնադրութային փաստաթղթի ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները․
● նույն հոդվածի մաս 3-ով սահմանված է ռազմավարական գնահատման հաշվետվություններին կից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի ցանկը, որը ներառում է հիմնադրութային փաստաթղթի նախագիծը, առնչվող այլ հաստատված հիմնադրութային փաստաթղթերը, գործընթացի մասնակիցների մասնակցությանը վերաբերող փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների արձանագրությունները, ձայնագրությունները, տեսագրությունները)․
● հոդված 26-ով սահմանված է հանրային ծանուցումների և քննարկումների կարգը, որը կազմակերպում է հիմնադրութային փաստաթղթի համար պատասխանատու պետական կառավարման մարմինը։
2022թ․ օգոստոսի 20-ին Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության չորրորդ տարբերակի վերաբերյալ մեր մեկնաբանություններում նախարարությանը հուշել ենք, որ տվյալ փաստաթուղթը դեռևս պետք է անցնի ՌԷԳ, ինչը սակայն հաշվի չի առնվել։
Ակնհայտ է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներն անտեսվել են, ընդ որում, անգործություն է դրսևորվել ինչպե՛ս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այնպե՛ս էլ՝ տվյալ օրենքի լիազոր մարմին հանդիսացող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ Համաշխարհային բանկի պահանջների, դրա կողմից տրված տեխնիկական առաջադրանքի համաձայն։
Նախ, ստիպված ենք հիշեցնել, որ ՀՀ գերատեսչությունները պարտավոր են առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և որևէ միջազգային գործընկերոջ պահանջները կարող են ընդամենը լրացնել օրենքով սահմանված գործառույթների պատշաճ իրականացումը։
Երկրորդ, նախարարությունը նշում է, որ տեղի են ունեցել ֆոկուս խմբային քննարկումներ և կլոր սեղաններ Սյունիքի և Լոռու մարզերի քաղհասարակության հետ: Թեև հրավիրյալների շրջանակը չի հստակեցվել, մեր տեղեկությունների համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունները/խմբերը, գիտակրթական հաստատությունների, մյուս ազդակիր մարզերի, ազդակիր համայնքների ներկայացուցիչները, որոնք կարող էին էական ներդրում ունենալ, չեն հրավիրվել ռազմավարության մշակման քննարկումներին։ Ինչ վերաբերում է մշակված ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը, հայտնում ենք, որ այն ընդամենը տեղադրվել է e-draft կայքում, իսկ դրա վերաբերյալ լսումներ չեն կազմակերպվել՝ չնայած տվյալ թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությանը:
Այսպիսով, ՀՀ կառավարության ս․թ․ մայիսի 11-ի նիստում ներկայացվել է սխալ տեղեկություն հանրային քննարկումների իրականացման վերաբերյալ՝ մոլորեցնելով ՀՀ կառավարությանը, ՀՀ քաղաքացիներին, Համաշխարհային բանկի գործընկերներին։
3. Հայտնում ենք, որ Հանքարդյունաբերության ռազմավարության մշակման գործընթացներում հրավիրված են եղել միայն ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԿ խմբակցության անդամները, ինչն, այդուհանդերձ, չենք համարում բավարար արդյունավետ։
Ի լրումն բոլոր ռազմավարության փաստաթղթի մշակման տարբեր փուլերում առաջարկների ներկայացման, 2022 հունիսի 13-ին ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԿ անդամները նամակ են ուղղել ԱՃԹՆ Հայաստանի քարտուղարություն՝ առաջարկելով հրավիրել ԱՃԹՆ ԲՇԽ նիստ՝ քննարկելու առաջարկությունները և դրանց հիմնավորումները, սակայն այդ նպատակով նիստ երբևէ չի գումարվել։ Փաստացի, ԱՃԹՆ ԲՇԽ-ն որպես շահագրգիռ կողմերը ներկայացնող խումբ երբեք չի քննարկել ռազմավարության նախագիծը կամ քաղհասարակության առաջարկները։ Իսկ մեր դիտարկումներին/մեկնաբանություններին, ցավոք, «պատշաճ և ամբողջական պատասխաններ» չեն տրվել, ինչպես նշված է նախարարության նամակում։
4. Հաշվի առնելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը արտահայտել է պատրաստակամություն հանդիպելու քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ ընդունում ենք տվյալ հրավերը։ Հորդորում ենք, որպեսզի քննարկումը կազմակերպվի առավելագույնս ներառական։
Այդուհանդերձ, նաև ընդգծում ենք, որ հանրային քննարկումը չի չեղարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն ռազմավարական էկոլոգիական գնահատում իրականացնելու սկզբունքային պահանջը:։
Եվս մեկ անգամ հորդորում ենք
● ՀՀ կառավարությանը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ի 1-ին մասի համաձայն՝ Օրհուսի կոնվենցիային և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչել 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը և կրկին անդրադառնալ տվյալ փաստաթղթին օրենքով սահմանված գործընթացը պատշաճ կերպով իրականացնելուց հետո․
● Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը և Շրջակա միջավայրի նախարարությանը՝ մեկնարկել ՌԷԳ գործընթաց, այդ թվում՝ դրա շրջանակում կազմակերպելով համապատասխան հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերի մասնակցությամբ և պատշաճ հաշվի առնելով ներկայացվող կարծիքները»։
ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ
Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Օլեգ Դուլգարյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Սուրեն Ներսեսյան, Երևանի պետական համալսարան
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան