Էրմիտաժի հետ համագործակցության պայմանագիրը մեծ հաջողություն է «Էրեբունու» համար. Բադալյան
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով համագործակցության պայմանագիր է կնքվել: Պայմանագիրը կնքել են պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը։
«Էրմիտաժն աշխարհի ամենահայտնի, լավագույն թանգարաններից մեկն է, աշխարհի կարևորագույն մշակութային օջախներից մեկն է, ամեն թանգարանի չի վիճակված Էրմիտաժի նման գերհզոր հաստատության հետ պայմանագիր կնքել։ Սա շատ մեծ հաջողություն է և Էրեբունու, և, ընդհանրապես, մեր մշակութային կյանքի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Բադալյանը։
Պայմանագիրը ենթադրում է փոխադարձ համագործակցություն, որի շրջանակում Էրեբունի թանգարանում կստեղծվի Էրմիտաժի, իսկ Էրմիտաժում՝ Էրեբունի թանգարանի անկյուններ։
«Այսինքն Էրմիտաժից բերվելու և Էրեբունում ցուցադրվելու է հնագիտական իր և հակառակը։ Սա չափազանց կարևոր է։ Պատկերացրեք՝ մարդը գալիս է ու տեսնում է Էրմիտաժի անկյուն, այսինքն աշխարհի կարևորագույն թանգարաններից մեկը ներկա է գտնվում քո թանգարանում։ Սա մեր թանգարանի նկատմամբ ընկալումը մեծապես կփոխի ու կմեծացնի»,- նշեց Բադալյանը։
Պայմանագրի համաձայն՝ Էրմիտաժը կաջակցի Էրեբունի թանգարանի վերականգնողների վերապատրաստմանը, Էրմիտաժի հնագետները կմասնակցեն Կարմիր բլուրում իրականացվող պեղումներին, համատեղ կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, նախատեսվում է այս տարի «Артис Футура» հիմնադրամի հետ տպագրել գունազարդ պատկերներով «Թեյշեբայնի» գրքույկը, որի նախաբանը գրելու է Միխաիլ Պիոտրովսկին։
Էրմիտաժը նաև հանձն է առել Էրեբունու արդիականացված գրադարանի համար տրամադրել վերջին ժամանակաշրջանում իր կողմից տպված գրականությունը. մի մասն արդեն տրամադրել է գրադարանին, երկրորդը մասը կլինի շուտով։
«Պայմանագրի շրջանակում այսօր մեզ են միանալու Էրմիտաժի մեր գործընկերները՝ Էրմիտաժի տնօրենի օգնական, հնագետ Յուլիա Մարչենկոն, վերականգնող Սվետլանա Ռիցը։ Իրենք մասնակցելու են Կարմիր բլուրում պեղումներին, բաց դասախոսություններ կկարդան Էրեբունիում»,- ասաց Բադալյանը։
Նա հայտնեց, որ հիմա արդեն անկյունների ձևաչափի ուղղությամբ են աշխատում. «Մեզ մոտ Էրմիտաժից հնագիտական իր կտեսնենք այն ժամանակ, երբ Ռուսաստանում կհանվի հնագիտական իրեր արտահանելու արգելքը։ Իսկ Էրեբունիից իր Էրմիտաժում կցուցադրվի, կարծում եմ, մոտակա մեկ տարվա ընթացքում։ Բավականին երկար գործընթաց է»։
Հարցին՝ ի՞նչն է նպաստել, որպեսզի երկու թանգարանների միջև կնքվի պայմանագիր, միգուցե հենց Միխաիլ Պիոտրովսկու գործո՞նը, Մ. Բադալյանն ասաց. «Իհարկե, ամենակարևոր գործոնն այն է, որ Միխաիլ Պիոտրովսկին Էրմիտաժի տնօրենն է, Բորիս Պիոտրովսկու որդին է։ Հայ ժողովորի համար կարևոր կերպար է։ Իհարկե, սա շատ մեծ ազդեցություն է ունեցել, քանի որ Էրեբունին, Կարմիր բլուրն իրենց համար շատ հարազատ վայրեր են, միաժամանակ փաստենք, որ նման մակարդակի պայմանագիր անցյալում չի եղել։ Այսինքն, Էրեբունու կողմից ևս տարվել է բավական աշխատանք, նաև եղել է իմ անձնական խնդրանքը Միխայել Պիոտրովսկուն այս ամենը իրականացնելու համար, ինչին սիրով արձագանքել է»։
Պայմանագրի կնքմանն ընդառաջ Միխաիլ Պիոտրովսկին ընդգծել է Էրմիտաժի և Էրեբունու միջև եղած ավանդական բարեկամական կապերը, պայամանագրի կնքման կարևորությունը, շնորհակալություն հայտնել Միքայել Բադալյանից ու պայմանագրի կնքման մյուս մասնակիցներից:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Էրմիտաժի և Էրեբունու թանգարանի միջև պայմանագրի կնքման արարողությունը
- Լուվրի հետ համագործակցությամբ՝ Էրեբունի թանգարանը կունենա նոր ցուցադրություն
- Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում
- Քննարկվել է Էրեբունի թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը և Էրմիտաժում՝ Էրեբունիում պահվող արտեֆակտներ ցուցադրելու հանգամանքը
- Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին և մեր մյուս ժառանգությանը. Միքայել Բադալյան