«Տատիկիս գործած գորգը»՝ Հայաստանի պատմության թանգարանում
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Տատիկիս գործած գորգը» կրթական ծրագիր դպրոցականների համար, իսկ 17։00-ին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կվարի դասախոսություն՝ «Թանգարանները Հայաստանում․ անցյալից ներկա» թեմայով։
Մայիսի 20-ին՝ ժամը 18։00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում։ Վերաբացվելու են «Բրոնզի դար․ իրականության և առասպելների միջով», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի», «Ուժ և գեղեցկություն․ Անտիկ Հայաստան» խորագիրը կրող ցուցասրահները: Բացմանը կհաջորդի համերգային ծրագիր։
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից եզակի և բարձրարժեք նմուշներ, այդ թվում՝ հայ հնագիտության ամենանշանակալի գտածոներից Ք․ա․ 22-21-րդ դդ․ Քարաշամբի ցեղապետի դամբարանից գտնված արծաթե դրվագազարդ գավաթը, Ք․ա․ 15-14-րդ դդ․ թվագրվող Լճաշենի պեղումներից գտնված քառանիվ սայլը, որը ծառայել է որպես դիակառք, Արգիշտի I արքայի սաղավարտը, Էրեբունի (Երևան) քաղաքի հիմնադրման մասին Արգիշտի I արքայի արձանագրությունը, ռիտոններ, որոնք ծառայում էին պաշտամունքային բնույթի արարողությունների ժամանակ սրբազան հեղումներ կատարելիս, ինչպես նաև արձանիկներ, զենքեր, զարդեր, ծիսական անոթներ, կնիքներ, դրամներ՝ գտնված Էրեբունուց, Լճաշենից, Արթիկից, Լոռի Բերդից, Քարաշամբից և Հայաստանի այլ հուշարձաններից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան