«Հայփոստ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2017-2019թթ.-ին ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թվականների գործունեության ամփոփ հաշվետվությունով արձանագրվել են ֆինանսական վնասներ:
«Պարզվել է, որ «Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ» (Escher group) կազմակերպությունից շուրջ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Riposte» ծրագրային համակարգ, սակայն համակարգը երբևէ չի գործածվել, չի ծառայել առաջնային նպատակներին: Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված՝ շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026թթ.-ին), այլև 2016-2021թթ.-ի համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար: Մասնավորապես՝ 2016թ.-ի համար ծախսագրվել է շուրջ 24,8 մլն դրամ, իսկ 2017-ի համար՝ շուրջ 75,8 մլն դրամ, 2018-2021թթ.-ին յուրաքանչյուր տարվա համար շուրջ 77,4 մլն դրամ:
Վերոգրյալը հետագայում բացասական ազդեցություն է ունեցել ընկերության՝ ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման տեսանկյունից .արդյունքում ընկերությունը կրել է շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս։
Հատկանշական է, որ ծառայության ուսումնասիրության ժամանակահատվածում, խախտումների հայտնաբերումից հետո, դադարեցվել է չօգտագործվող ծրագրի մաշվածության հաշվարկը:
«Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները՝ չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 1-ից 2021թ. դեկտեմբերի 22-ի ընթացքում ընկերությունը հաշվարկել է շուրջ 2,5 մլրդ շահութաբաժնի գումար, սակայն չի վճարել պետբյուջե, որի պատճառով էլ առաջացել է շուրջ 568 մլն դրամի տույժ: 2019 թվականին և 2021 թվականին ընկերության կողմից չի հաշվարկվել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժնի գումար, որի պատճառով ևս առաջացել է շուրջ 11 մլն դրամի տույժ (01.02.2022թ. դրությամբ):
ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունն ԱՄՆ-ում հաշվառված իր դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարել է նամականիշներ, մինչդեռ միջոցներ չի ձեռնարկել տրամադրված ապրանքի դիմաց նախատեսված գումարները ստանալու համար, որի արդյունքում առաջացել է ընդհանուր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։
Ընկերության կողմից 2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ։
Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում՝ «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել:
Պետական վերահսկողական ծառայության կողմից խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում: Ընկերությունը մի դեպքում իր սահմանած նվազագույն գնային սանդղակից ցածր արժեքով պայմանագիր է կնքել և զրկվել նվազագույնը շուրջ 82 մլն դրամից, մյուս դեպքում՝ իր սահմանած առավելագույն գնային սանդղակից ավել գումարով կնքել է վարձակալության պայմանագիր, որի արդյունքում կրել է շուրջ 125 մլն դրամի վնաս:
Իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 25 մլն դրամի տարաբնույթ խախտումներ. հաշվարկված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ավել հաշվառված և վճարված գումարներ, հանձնման-ընդունման ակտերի համաձայն ապամոնտաժված, սակայն չմուտքագրված ապրանքանյութական արժեքների գումարներ, անորակ և անարդյունավետ աշխատանքներ և այլն:
Ընկերության ներդրած «Phoenix» ծրագրի օգտագործման ընթացքում ծրագրային սխալի հետևանքով՝ աշխատակիցներից որպես պակասորդ պահվել է շուրջ 24 մլն դրամ գումար, մեկ այլ դեպքում՝ առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի ծախսագրվել են շուրջ 17 մլն դրամի առհաշիվ ծախսեր:
Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ, և հաշվարկվել է շուրջ 15 մլն դրամի խախտում:
Արձանագրվել են նաև շուրջ 448 մլն դրամի չափով խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված:
Այս ամենից զատ, ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գնումներն իրականացվել են համապատասխան որակավորում չունեցող մասնագետների միջոցով՝ առանց իրավական հիմքերի, առանց գնումների պլանների և այլ փաստաթղթերի հրապարակման։
Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին