ՊՆ-ին ամրացված հողամասը 2011 թվականին օտարվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ա.Փ.-ին
Պաշտպանության նախարարությունը, 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին:
Դատախազությունից հայտնում են, որ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռքբերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ):
Այնուհետև` 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռքբերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) և 824 մլն 498 հազար 84 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան