ՄԻՊ. Առկա է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես մեքենան, այնպես էլ զինծառայողին ու բուժանձնակազմին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ.
«Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:
Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է ստացել:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է:
Հավաքագրված փաստերը հաստատում են, որ կրակը վարվել է շտապօգնության ավտոմեքենայի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա է եղել դիտավորություն՝ վնասելու ինչպես մեքենան, այնպես էլ զինծառայողին ու բուժանձնակազմին: Վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։
Հարկ է ընդգծել, որ շտապօգնության մեքենայի ու բուժանձնակազմի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է»։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքում հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը մահացել է
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ, կա երկու վիրավոր
- Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան