Ոնց որ թե պաշտոնական է, որ «Երևանի կոնյակի գործարանը» դեպի Ռուսաստան դադարեցնելու է իր արտահանումները. Քերոբյան
«Ես դեռևս պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել, բայց ոնց որ թե պաշտոնական է, որ «Երևանի կոնյակի գործարանը» դեպի Ռուսաստան դադարեցնելու է իր արտահանումները, այս բոլորը խնդիրներ են որոնք ազդելու են խաղողի մթերման վրա»-ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում 2022թ պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր ապրում է բարդ միջավայրում և նախարարությունը խաղող մթերողների հետ քննարկում է նաև դրամի ուժեղ կուրսը, տարբեր շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները:
Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը պետք է տեսնի, թե ինչպիսին է միջավայրը, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում:
«Կառավարությունը կարողանում է ինչքան հնարարվոր է արագ արձագանքի տեղի ունեցող փոփոխություններին, չեմ ասի՝ իդեալական և լավագույն ձևով, բայց նաև՝ անցնցուն: Տեսնում ենք նաև, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում խաղողագործության մեջ: Այսօր շատ ավելի շատ տնկվում են գինեմետ սորտեր, նաև ներկայում շրջանառության մեջ է մեր գինու և գինեգործության ռազմավարությունը, որն ընդհանուր առմամբ խաղողագործության վերաբերյալ է և հույս ունենք, որ այդ ծրագրի ընդունումից հետո կկարողանանք նաև էական փոփոխություններ մտցնել նաև այդ ոլորտում»,-հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: