Քննչական մարմինը զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ժամը 23։30-ին մերկնարկել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի քննությունը, սակայն այն 24։00-ին ընդմիջվել է։ Դատարանի բակում լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ժամը 23։30-ին նիստը բացվել էր, հայտարարվեց, որ քննչական մարմինը ներկայացրել է նաև կալանքի միջնորդություն։
Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացած բողոքը։ Ըստ ընթացակարգի, եթե այդ ընթացքում ներկայացվում է կալանքի միջնորդությունը, համատեղ է քննվում։
Քանի որ նոր նյութեր են ներկայացվել, դատարանը մեզ հարցրեց, թե որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ։ Մեկ ժամ խնդրեցինք։ 24։00-ին ընդմիջվեց, ժամը 01։00-ին կսկսվի, քննվելու է թե ձերբակալման մեր բողոքը, թե կալանավորման միջնորդությունը, որը ներկայացրել է վարույթ իրականացնող մարմինը»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Նա ներկայացեց, որ կալանավորման միջնորդությունը, ըստ օրենքի, երեք տարբեր տարբերակ կարող է լինել. «Վատագույն տարբերակը, հույս ունեմ, դրան չի հասնի, կարող է բավարարվել, լավագույն տարբերակը՝ մերժվել, միջանկյալ տարբերակը, դատարանը կարող է ասել, այո՝ ես համաձայն եմ ընտրվի այլընտրանքային խափանման միջոցներ կամ միջոց, միայն թե կալանք չկիրառվի։ Սա Քրեական նոր դատավարոության նոր կարգավորումն է, կարող է լինել՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք, նաև երաշխավորություն։
Հաշվի առնելով, որ մեծ հնչեղություն ունի, հանրության կողմից հարգված մարդիկ են դատարանի բակում կանգնած, արագ կազմակերպեցինք երաշխավորագրերի հավաքագումը։ ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչ Հրանտ Թոխատյանը տվել են երաշխավորագրեր, փորձելու ենք ներկայացնել կալանքի դեմ մեր առարկությունների շրջանակներում»։
Նա կարծում է, որ նիստը կտևի 1,5-2 ժամ, հետո դատարանը կորոշի, թե երբ կհրապարակի, հույս ունեն հենց այսօր։ Դատավորը Ժորա Չիչոյանն է։
Հարցին՝ Աշոտ Փաշինյանը բողոք ներկայացրե՞լ է, Ռ.Մելիքյանը պատասխանեց. «Մենք որևէ սահմանափակում չունենք, բայց ես ամեն դեպքում որոշակի սահմաններում կմնամ ու կասեմ շատ կարճ՝ այն, ինչին դուք տեղյակ եք լրատվամիջոցներից, շատ չի տարբերվում նրանից, ինչին մենք ենք տեղյակ որպես վարույթի մասնակցողներ»։
Ճշտող հարցին՝ այսինքն ցուցմունքը պնդե՞լ է Աշոտ Փաշինյանը, Ռ.Մելիքյանը ասաց. «Ես ասացի այն, ինչ ասացի։ Տիկին Գայանեն էլ իր ցուցմունքներն է պնդել։ Մեր պատկերացմամբ, անգամ եթե Աշոտ Փաշինյանի ասած ամեն ինչ ճիշտ է, ինչն այդպես չէ, մենք հակառակն ենք պնդում, բայց անգամ այդ պայմաններում ուղղակի առևանգման հանցակազմի մասին խոսք չէր կարող գնալ։
Մեր պատկերացմամբ, շատ կարևոր է, որ մեքենայում եղել է ընդամենը երկու հոգի՝ վարորդ Գայանե Հակոբյանը, ուղևոր Աշոտ Փաշինյանը, անկախ նրանից, թե ինչ են նրանք այդ ընթացքում խոսել։ Մենք պնդում ենք նույնիսկ Աշոտ Փաշինյանի տված ցուցմունքների պայմաններում, տեսա, որ դրանց հիմնական դրույթները լրատվամիջոցներում երևում են, առևանգման մասին խոսք լինել չի կարող, խոսք չի կարող լինել ազատությունից զրկվելու մասին։ Անձն ազատությունից զրկված չի եղել։ Ցավոք սրտի, մեքենայից դուրս գալու լավագույն տարբերակը չի ընտրել, բայց նա ուներ այդ հնարավորությունը, բոլոր ողջամիտ հնարավորությունները խուսափել շարունակելու տիկին Գայանեի հետ շփումից։
Այդպես առևանգում չի լինում։ Մեր պատկերացմամբ, սկզբունքորեն հակասում է առևանգման հասկացությանը։ Առևանգումը ծանր հանցակազմ է։ Ուղղակի չի կարելի պատկերացնել, որ այդպես առևանգում է լինում»։
Նա նաև հայտնեց, որ տիկին Գայանեն մի քիչ վատառողջ էր, շտապօգնության մեքենա են կանչել, կայունացել է վիճակը։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։
Հարակից հրապարակումներ`
- Երաշխավորություն է ներկայացվել դատարան Գայանեի ազատության համար. Մամիջանյան
- Ոստիկանության նոր ուժեր են բերվել դատարանի դիմաց
- Լարված վիճակ դատարանի դիմաց
- Այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին. «Որդիների Կանչ» ՀԿ
- Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է
- Ուղղակի խորհուրդ՝ Գայանեին բաց թողնեն, որովհետև նա մեր ամեն ինչն է, հերոսածին մայր է.Լարված իրավիճակ դատարանի դիմաց
- «Որդիների կանչ» ՀԿ. Բոլորս մեկ մարդու պես ժամը 22։00-ին լինենք Երևանի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ
- Տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր․ Փաստաբան
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
- Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան․ Փաստաբան
- Ըստ ձերբակալման որոշման՝ ազատության մեջ գտնվելու դեպքում տիկին Գայանեն կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը