Փաստաբան. Ինչու է դատարանը կալանքի հարցի մասին որոշումը հրապարակում մեկ օր անց
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.
«Ինչու է դատարանը կալանքի հարցի մասին որոշումը հրապարակում մեկ օր անց:
Սկզբից վերապահում անեմ, որ նշածս չի բխում ստացված կոնկրետ տեղեկություններից, այլ սեփական մեկնաբանություն է՝ մի քանի տարվա փորձի վրա հիմնված:
Քաղաքական բնույթի քրեական վարույթներին ներգրավված կամ հետևող փաստաբանները վերջին տարիներին տեսնում են իրավապահ և դատական ատյաններում այդպիսի գործերով իրավունքի էության այլասերում: Ավելի պարզ՝ իրավաբանությունը այս հարցերում երրորդային է:
Այս գործերով պաշտպանությունը նման է յուրատեսակ շախմատի, երբ
֊ մրցակիցը տեսնում է քո ֆիգուրների դասավորվածությունը, իսկ իրենը անտեսանելի են,
֊ մրցակիցը իրավունք ունի կանոնների խախտմամբ քայլեր կատարել, իսկ դու ոչ
֊ մրցակիցը իրավունք ունի ցանկացած պահի հեռացնել քո որևէ ֆիգուր
Բայց նույնիսկ երբ այդ պայմաններում մոտենում ես հաղթանակին, վերջին պահին խաղատախտակը ջարդում է գլխիդ:
Ուստի շատ գործերով ստիպված ենք լինում բացի բուն իրավաբանությունից խորանալ ֆոնային բոլոր իրադարձությունների մեջ՝ հասկանալու համար, թե ինչ որոշում է պետք ակնկալել: Կամ փորձել համոզել հակառակ կողմին, որ որոշումը իր շահերից է բխում: Օրինակ, քննիչի համար գուցե միևնույն է անձի ազատության սահմանափակումը, բայց իր համար ավելի հեշտ է մեղադրյալին իր մոտ կանչել, քան գնալ քրեակատարողական հիմնարկում հարցաքննության: Կամ դատավորի համար մարդու ազատության իրավունքի գաղափարները կարող են զրո ազդեցություն գործել, բայց վերջինս համաձայնվի չկալանավորել անձին, որպեսի կարողանա առավոտյան շուտ նիստ անցկացնել /կալանավորվածներին չեն կարողանում շուտ ներկայացնել դատարան/:
Այսպիսի «ոչ մասնագիտական» հմտությունների արդյունքում սովորում ենք կռահել, թե իրավաբանությունից զատ ինչ կա որոշումների հետևում:
Վերադառնալով բուն թեմային․ կալանքի հարցի քննարկումը դատարանի համար 99 դեպքերում որևէ բարդություն չի ներկայացնում: Եվ իրավունքն է պարզ, և դատական ակտերի շաբլոններն են շատ: Դատավորին նույնիսկ երկար ժամանակ պետք չի վերջնական որոշում կայացնելու համար, շատ ժամանակ այդ որոշումը արդեն կայացված է լինում նիստը դեռ չսկսած:
Երկար ժամանակ դատավորին պետք է լինում երկու դեպքում՝ կամ դատավորը լրացուցիչ ինստրուկցիաների կարիք ունի /եղել են դեպքեր, երբ դատավորը մի քանի ժամով անհետացել է/, կամ դատավորը ընդդիմանում է պահանջին /ոնց ուզում եք՝ էս հարցը լուծեք, ես սրա տակ մտնող չեմ/:
Երկու դեպքում էլ պասիվ վարքագիծը աշխատում է ի վնաս պատշպանության կողմի․ առաջին դեպքում ինստրուկցիա տվողը չի հաշվարկում իր հնարավոր ռիսկերը, երկրորդ դեպքում ընդդիմացող դատավորը չի ստանում անհրաժեշտ աջակցությունը:
Հետևաբար հատկապես կարևոր է դատական ակտի հետաձգման ժամանակահատվածում ակտիվ հակադրվել վատ սցենարին: Դա կարող է արվել փողոցում ակցիաների, հարցազրույցների, կուլիսային խորհուրդների, թեկուզ սոցցանցային արշավների միջոցով: Կարևորը ցույց տալն է, որ վատ որոշմանը ընդդիմացողները շատ են, այդպիսի որոշումը սպառնում է ինչպես շարունակվող անհնազանդություններով, այնպես էլ գործընթացի մեջ ներգրավված անձանց ռեպուտացիոն ռիսկերով ու բարոյական պարսավանքով /ավելորդ չի լինի հիշեցնել, որ ամեն ինչ հավերժ չէ, ապօրինի որոշումների համար դատվելու ռիսկը մեծ է/
Վերջում ավելացնեմ: Շատ են եղել դեպքեր, որ այս կամ այն քննիչը, դատախազը, դատավորը ունեցել են արդարացումներ քաղաքական որոշումների կայացման համար: Եթե դիմադրելու հարցում օգնության կարիք ունեք, շատերս պատրաստ ենք օգնել: Եթե պահանջին ոչ մի ձև չեք կարող ընդդիմանալ, գործից դուրս եկեք, տաքսի քշեք, մաքուր խղճով ապրեք:
Սա սովորական դեպք չի, պղծությանը որևէ ըմբռնում չկա ու չի կարող լինել, հավաքեք ձեզ, մտածեք ձեր ապագայի մասին»։
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր.
«Դատարանի որոշման հրապարակումը՝ վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին։
Նիստն իսկապես շատ ծավալուն էր և հագեցած, դատարանն էլ հայտնեց, որ պատրաստվում է հրապարակել որոշումն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը, իսկ դա ժամանակատար է։ Այս պայմաններում, զուտ իրավաբանորեն, դատարանի նկատառումներն ընկալելի են։
Սակայն ավելի բարձր արժեքների առումով իհարկե ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ անցկացնի ևս մեկ օր, այն էլ՝ հացադուլի պայմաններում, ուստի որպես բողոքի նշան՝ քաղաքացիները փակի տակ են պահում Արշակունյաց պողոտան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին