Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվեն մշտական ցուցադրության սրահներ
Մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում։ Վերաբացվելու են «Բրոնզի դար․ իրականության և առասպելների միջով», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի», «Ուժ և գեղեցկություն․ Անտիկ Հայաստան» խորագիրը կրող ցուցասրահները: Բացմանը կհաջորդի համերգային ծրագիր։
Թանգարանի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի հաղորդմամբ, ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից եզակի և բարձրարժեք նմուշներ, այդ թվում՝ հայ հնագիտության ամենանշանակալի գտածոներից Ք․ա․ 22-21-րդ դդ․ Քարաշամբի ցեղապետի դամբարանից գտնված արծաթե դրվագազարդ գավաթը, Ք․ա․ 15-14-րդ դդ․ թվագրվող Լճաշենի պեղումներից գտնված քառանիվ սայլը, որը ծառայել է որպես դիակառք, Արգիշտի I արքայի սաղավարտը, Էրեբունի (Երևան) քաղաքի հիմնադրման մասին Արգիշտի I արքայի արձանագրությունը, ռիտոններ, որոնք ծառայում էին պաշտամունքային բնույթի արարողությունների ժամանակ սրբազան հեղումներ կատարելիս, ինչպես նաև արձանիկներ, զենքեր, զարդեր, ծիսական անոթներ, կնիքներ, դրամներ՝ գտնված Էրեբունուց, Լճաշենից, Արթիկից, Լոռի Բերդից, Քարաշամբից և Հայաստանի այլ հուշարձաններից։
Ցուցադրության բացումից հետո՝ ժամը 20։30-ին, տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան)։ Ծրագրի ընթացքում խումբը հանդես կգա Հայաստանի տարբեր տարածաշրջաններին հատուկ երգ ու պարով:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
Հայաստանի պատմության թանգարան
Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։
Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.):
Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
Պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։
Ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մինչև մեր օրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան