Դիտարկվել են Շուշանավանքի վերականգնման և Երվանդաշատ քաղաքատեղիի պեղման աշխատանքները
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի և Սուրբ Շուշանավանք եկեղեցի:
Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, և միայն կարճատև այցերի և աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Հնագիտական և հետախուզական պեղումներ Երվանդաշատ և Բագարան գյուղերի տարածքներում իրականացվել են 2005-2012 թթ. ՀՀ ԳԱԱ կողմից՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի ղեկավարությամբ։ Հիմնական պեղվող հուշարձանը եղել է Երվանդ արքայի հիմնադրած որսորդական պալատը։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցի ընթացքում ծանոթանացել են սահմանամերձ Երվանդաշատ քաղաքատեղիի ներկա վիճակին, ուսումանասիրել պահպանված ավերակները և դիտարկել հետագա պեղումների հնարավորությունը: Սահմանամերձ փակ գոտում գտնվելը նպաստել է հուշարձանի պահպանմանը: Ըստ դիտարկման արդյունքների՝ առկա են կացարանների պատերը, սենյակները և կարասները: Պեղումներից հետո կարասային սրահների ոչ բավարար ամրակայման հետևանքով դրանք հայտնվել են ոչ պատշաճ վիճակում: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն:
Հաջորդ հուշարձանը ՀՀ Արմավիրի մարզի Բագարան գյուղի մոտ գտնվող Սուրբ Շուշանավանք եկեղեցին էր, որը թվագրվում է 10-րդ դարասկզբով` կառուցված Աշոտ Բագրատունու օրոք: Վեցախորան եկեղեցու հարավարևմտյան խորանին կցված կառույցներից պահպանվել են քառախորան եկեղեցու արևմտյան և հյուսիսային խորանների միացման հանգույցը և վեցխորան եկեղեցու հարավային պատին կցված հինգ աստիճաններով գաղտնուղու թաղի հյուսիսային հատվածը։ Եկեղեցու գլխավոր` արևմտյան կամարակապ մուտքն այժմ փակված է կոպտատաշ շարվածքով։ Թե΄ արևմտյան, և թե΄ հարավարևմտյան մուտքերի ձախակողմյան մասում պահպանվել են կամարակապ շքամուտքի որմնասյուները։
Մասնագիտական խումբը դիտարկել է եկեղեցու վերականգնման հնարավորությունը՝ հաշվի առնելով տեղադիրքը (այն նույնպես գտնվում է սահմանամերձ փակ գոտում), մոտեցման ճանապարհը, տեխնիկայի համար տարածքի հասանելիությունը:
Առաջիկայում կկազմվի Շուշանավանքի ամրակայման, նորոգման և վերականգնման տեխնիկական բնութագիրը, որից հետո կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան