Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը սոցիալական արդարություն չի ապահովում․ ՀԿ ղեկավար
Կառավարության կողմից հաստատված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների՝ մինչև 2035 թվականի պլանը չի գոհացնում ՀԿ ներկայացուցիչներին։ Նրանք դժգոհ են ներկայացված փաստաթղթի բովանդակությունից և պահանջում են այդ ռազմավարությունն ուղարկել ռազմավարական էկոլոգիական գնահատման։
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են հանրության կողմից, կամ չեն ընդունվել կամ էլ ընդունվել են՝ շրջանցիկ ձևաչափով։ Նրա պնդմամբ՝ փաստաթուղթը չի արտացոլում հասարակության սպասելիքներն ու կարիքները։
«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման ընթացքում ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամներով փորձել ենք մեր մասնակցությունը բերել՝ բազմաթիվ առաջարկություններ ներկայացնելով, որպեսզի ռազմավարությունը նպաստի ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտում առկա կարիքների լուծմանը»,- ասաց նա և շարունակեց, որ իրենց ներկայացրած առաջարկությունները հիմնականում անտեսվել են։
«Մենք հավաքագրել ենք ազդակիր համայնքների բնակիչների կարիքները և իրենց անունից ներկայացրել ենք առաջարկություններ։ Կարծում ենք՝ ազդակիր համայնքներում տնտեսվարողները կամ հանքավայրը շահագործողներն իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերի շրջանակում պետք է այլընտրանքային զարացման մոդելներ ներդնեն՝ համայնքին հատկացվելիք գումարներից ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր։ Այս մոտեցմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտից զատ կլինեն հստակ աշխատատեղեր։ Երբ ընկերությունը սնանկանա կամ հեռանա համայնքից, տվյալ համայնքն այդ դեպքում ապահոված կլինի աշխատատեղերով։ Կարևորում ենք, որ առաջարկվող զբաղվածությունը չլինի հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ ֆինանսավորվեն ֆերմերային տնտեսություններ կամ այլ։ Այս դեպքում՝ կախվածությունը հանքարդյունաբերության ոլորտից թույլ կլինի և, ըստ իս, սա է ռազմավարական մոտեցումը։ Իսկ այն ինչ առաջարկվում է, ռազմավարական չէ, հայեցողական է»,- ասաց Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ քաղհասարակության կողմից արված առաջարկությունները հիմնականում անտեսվել են։
«Չեն ընդունվել այնպիսի առաջարկություններ, որոնք ապահովում են ազդակիր համայնքներում սոցիալական արդարություն, տպավորություն է, որ ռազմավարությունն ավելի նպաստում է հանքարդյունաբերության ոլորտում տնտեսվարողների իրավունքների ու շահերի զարգացմանը»։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Կառավարության կողմից հաստատված ռազմավարության վերջին օրինակի շուրջ էլ առհասարակ քննարկումներ և կարծիքների հավաքարումներ չեն եղել։
«Հույս ունենք, որ կլինեն կառուցողական մոտեցումներ, սպասում ենք , որ ռազմավարական էկոլոգիական գնահատում կիրականացվի՝ հասկանալու,թե որքանով է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը նպաստում առկա խնդիրների լուծմանը» ,- եզրափակեց ՀԿ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին