Սիրիական հակամարտության հարցում իրենց ձախողումն արաբական առանցքային դերակատարները փորձում են ուղղել փափուկ ուժի գործադրմամբ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Եվ, այնուամենայնիվ, ավարտվող շաբաթվա ընթացքում տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցած Արաբական պետությունների լիգայի 32-րդ գագաթաժողովն էր, որին 12 տարվա ընդմիջումից հետո մասնակցեց նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
Սիրիական հակամարտության հարցում իրենց ձախողումն արաբական առանցքային դերակատարները փորձում են ուղղել փափուկ ուժի գործադրմամբ։ Այս հարթությունում ահռելի ֆինանսական ռեսուրսների տիրապետող արաբական միապետությունները մի քանի առանցքային հաղթաթուղթ ունեն՝ սիրիական պետության և հասարակության շատ ավելի բարեհաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ի տարբերություն տարածաշրջանային մրցակիցների, տնտեսական անհամեմատելի կայուն վիճակն ու ազատ ֆինանսական ռեսուրսները, տարածաշրջանային բարենպաստ՝ ռազմաքաղաքական տեսանկյունից առավել կայուն և կանխատեսելի իրավիճակը։
Նման զարգացումներին էականորեն նպաստում է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը Մերձավոր Արևելքում»։