ԳԱՌուն. Ներկայացվել է տարածաշրջանում սիրված Նուռի ուտեստ
Գառան մսով նոր ուտեստ պատրաստելը առաջին հայացքից պարզ, բայց իրականում բարդ գործ է նույնիսկ փորձառու խոհարարի համար: «ԳԱՌուն» փառատոնի շրջանակներում խոհարարները պետք է ոչ միայն նոր մոտեցում ցուցաբերեն՝ բավականին դժվար բաղադրիչներ օգտագործելով, այլև զարմացնեն ուտելիքից հասկացող հյուրերին։
«Margaryan Business Group»-ի, «ԳԱՌուն» փառատոնի հիմնադիր Կարեն Մարգարյանը ներգրավված է ոչ միայն ճաշացանկի մշակման, բաղադրիչների ընտրության աշխատանքներում, այլև խնամքով ու հոգատարությամբ հետևում է, որպեսզի խոհարարների թիմը կարողանա արդարացնել ամենամյա փառատոնից ակնկալվող սպասելիքները։
«Ալյասկա» ռեստորանում՝ մսի և ծովամթերքի թագավորությունում, շեֆ խոհարար Արա Մելիքսեթյանը պատրաստվում է համտեսի ներկայացնել տարածաշրջանում սիրված Նուռի ուտեստը. այն իրենից ներկայացնում է գառան մսով քաբաբ՝ գաղտնի բաղադրատոմսով։
Ասում է՝ համի ու հաջողության բանալին թարմ բաղադրիչների ընտրությունն է։ «Ալյասկա» ռեստորանի դասի հաստատություններից պահանջվում է հնարավորինս պահպանել «դանակի տակից» պատրաստելու սկզբունքը, ինչն էլ պահանջում է մսի նկատմամբ հատուկ վերաբերմունք։
Փառատոնի շրջանակներում ներկայացվում է հայկական արտադրող «ԳԱՌ-ԳԱՌ»-ի Բլանշ ցեղատեսակի մարմարյա գառան միսը: Այս ֆրանսիական ցեղատեսակը հայտնի է իր հյութեղ, նուրբ համով և հատկապես կիրառվում է կարճ ջերմային մշակմամբ պատրաստվող ուտեստների դեպքում։
Առաջին փուլում հարկավոր է լավ մանրացնել միսը՝ ավելացնելով սև պղպեղ, համեմ, կտրատած սոխ, աղ և նռան հատիկներ: Բացառվում է սառեցված մսի օգտագործումը: Խոհարարը որոշ գաղտնիքներ է բացում. ահա դրանցից մեկը՝ գառան մսի հետ կարմիր պղպեղ չեն օգտագործում: Այն սխալ է ընդգծում համային հատկանիշները և գրիլի վրա պատրաստելիս ուտեստի համը լրիվ փոխվում է:
Երկրորդ փուլում մարինացվում են մաղադանոսը, կծու սոխը և նռան հատիկները:
Երրորդ փուլում կատարվում է փարդայով փաթաթելու պրոցեսը: Հենց փարդան է պահպանում մսի հյութեղությունը, ինչպես նաև ծառայում է որպես եփման աստիճանի ցուցիչ։
Չորրորդ փուլում միսը 15 րոպե պտտեցվում է արգենտինական գրիլի վրա, որպեսզի այս հյութալի ուտեստի ոչ մի կաթիլ չընկնի կրակի մեջ։
Հինգերորդ փուլ ափսեի ձևավորումն է: Բոված հացաբլիթի վրա դրված տապակած սմբուկին և մարինադին (մաղադանոս, կծու սոխ, նռան հատիկներ) ավելացնում են գառան հյութեղ միսը։ Եվ այս ամենին հավելվում է փառատոնի գործընկեր Գևորգյան գինու գործարանից մեկ բաժակ Արյաց կարմիր գինին՝ հայկական նրբերանգ հաղորդելու համար:
Փառատոնի կազմակերպիչները նշում են, այս յուրօրինակ մթերքը համտեսելու համար մինչև հունիսի 1-ը կարող եք այցելել Արամի 64 հասցեում գործող ռեստորոն։
«Հնարավոր է հենց ձեր կարծիքի շնորհիվ այս ուտեստը ներառվի ռեստորանի հիմնական ճաշացանկ»,-ասում են ռեստորանում։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱՌունը մտադիր է դուրս գալ Հայաստանի սահմաններից
- ԳԱՌուն. Զարմանալի բան է համի արկածը
- ԳԱՌուն IV փառատոն. Երևանցի ռեստորատորները Դիլիջանում էին
- Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը