Եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն անժամկետ նստացույց է հայտարարել ի նշան բողոքի Արցախի բլոկադայի
«Ես Արցախի հարցի պահանջատերն եմ», «Արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի» կարգախոսներով «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօրվանից անժամկետ նստացույց է հայտարարել Երևանի «Օղակաձև» զբոսայգում տեղակայված «Նեմեսիս» հուշակոթողի մոտ։ Ակցիային անդրադարձել է aravot.am-ը:
Կայքը տեղեկացնում է. ««Իմ պահանջն ուղղված է ոչ թե տեղի իշխանություններին, այլ ամբողջ աշխարհին, սուտ ու կեղծ մարդասիրությանը, խուլ ու կույր արդարադատությանը։ Շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության իրավունքների պաշտպանությանն է ուղղված այս ակցիան։ Մենք ուզում ենք նաև թմբիրից արթնացնել ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցներին, որովհետև մենք ականատես ենք լինում, որ ամբողջ աշխարհն ուղղակի արհամարհում է արցախցիների այս վիճակը։ Եվ Ադրբեջանն իրեն սատարողներով թքած ունի ամբողջ աշխարհի ունայն ու փուչ որոշումների վրա՝ սկսած Հաագայի դատարանի որոշումից»,- լրագրողներին ասաց Այսեր Իսայանը։
Նա նշեց, որ նստացույցն անժամկետ է, և հույս ունի, որ այն մեծ արձագանք է ունենալու․ «Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում մեր հայրենակիցները միանալու են այս նախաձեռնությանը՝ ամեն մեկը յուրովի»։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց նստացույցն անել հենց «Նեմեսիս» հուշարձանի մոտ, իրավապաշտպանն ասաց, որ այս հուշարձանը արդարադատության խորհրդանիշն է։ «Ես այսօր առավոտյան շարժվել եմ Սարդարապատի հուշահամալիրի տարածքից՝ որպես հաղթանակի սիմվոլ, և եկել եմ արդարադատության խորհրդանիշի մոտ՝ շարունակելու իմ նստացույցը։ Ինչո՞ւ ենք ընտրել հենց Նեմեսիս արձանը, որովհետև շրջակայքում Հանրային ռադիոն է, բուհերը, սա երիտասարդության և ազատ ձայնի խաչմերուկն է, որը հատվում է արդարադատության խորհրդանիշի հուշարձանի առջև։ Բավական է, ինչքան մենք լռում ենք, լռելը բերում է նոր, մեզ համար չկանխատեսված զոհեր։
Գուցե շատերը կանխատեսում են, որ լինելու են հերթական զոհեր, բայց ինձ համար դա անընդունելի է։ Ավելացնել սև հագած մայրերի թվաքանակը մեր լռությամբ, դա անթույլատրելի է։ Ամբողջ աշխարհը՝ Եվրոպան, Ամերիկան, գերտերություններն ընդամենը լռությամբ նայում են։ Գուցե նրանք հայի արյունով հագուրդ են տալիս իրենց կրքերի՞ն։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում այսքան պատերազմներից ու արյունահեղություններից գուցե նրանք վամպիրի հատկությո՞ւն են ձեռք բերել, նրանց ատամներն արյո՞ւն են ուզում։ Բավական է, եկեք կանխեք միասին։ Ինձ համար հիմա առաջնային է մեկ բան՝ ամբողջ աշխարհին կոչ անել ուշադրությունը դարձնել դեպի Արցախ, արցախահայություն»,- հավելեց Այսեր Իսայանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան