Արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը Թուրքիայից և Հորդանանից
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2023 թվականի մայիսի 20-ից արգելվում է Թուրքիայի Հանրապետությունից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ, արգելանքի համար հիմք է հանդիսացել Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հաղորդագրությունը։