Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
Քիչ առաջ Արցախի խորհրդարանը միաձայն՝ 30 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց հայտարարության նախագիծը, որն այսօր գումարված արտահերթ նիստում դրվել էր քվեարկության։
Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Մի առիթով Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է Աստված իշխանության մեջ չէ, այլ ճշմարտության: Մեր ճշմարտությունը մեկն է»,-Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և հավելեց. «Այն է՝ 1991 թվականի դեկտեմբեի10 ին Խորհրդային Միության անկումից մի քանի օր առաջ ԼՂՀ ժողովուրդը հանրաքվեով իրացրեց և ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը»:
Նա նաև հիշեցրեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է ԼՂՀ-ի կազմավորման հռչակագիրը, որը համապատասխանում է թե՛ ԽՍՀՄ-ի օրենսդրությանը, թե՛ ժողովուրդների ինքնորաշման միջազգային իրավունքի նորմերին:
«Այսօր Հայաստանի վարչապետն անտեսելով և զրոյացնելով ԼՂՀ-ի Անկախության հռչակագիրը՝ հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառում է նաև ԼՂ-ն, բայց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ»,-հայտարարեց Թովմասյանը և հռետորական հարց հնչեցրեց. «Ինչ իրավունքների, անվտանգության երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը 162 օր Արցախւ պահում է լիակատար շրջափակման մեջ՝շարունակելով դեռևս 1980-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականությունը»:
Նա կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը, Արցախի ճակատագրով մտահոգ հանրությանը սատար կանգնել Արցախահայության՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին
«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում: Հայրենիքին ծառայելը պարտք է հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի և Արցախի հանրապետություններին»,-հայտարարեց ԱԽ ԱԺ նախագահը:
ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն ընթերցեց խորհրդարանի ուղերձը որում ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսին կատարած հայտարարությունը, որով նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։
Նիկոլ Փաշինյանն իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին․ առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։
Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։
Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից Հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ․ մայիսի 22-ի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան