Հայաստան է բերվել տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են,
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի:
Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, իսկ վերջինիս անվամբ ներմուծվելիք առաքանիներն անմիջապես վերցվել են հսկողության:
Օրեր անց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 10,8 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները չեն սահմանափակվել և շարունակել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու վերլուծական աշխանաքը` ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված անձանց պարզելու և բացահայտելու նպատակով: Արդյունքում տեսադաշտում է հայտնվել մի նոր քաղաքացի` Է.Մ-ն:
Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ տվյալ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվելու առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել Է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 80 հաբ:
Դրանք միախառնված և թաքցված են եղել նույն ապրանքանիշի քաղցրավենիքի հետ: Համատեղ իրականացված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ՀՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է բնակության վայր` իր մասնակցությամբ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով: Վերջինիս բնակության վայրից հայտնաբերվել է նաև 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով, բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով: Հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ տարաներ` կրկին թմրամիջոցների հետքերով:
Բացահայտված «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումը չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած՝ ամենաբարձրն է։ Համաձայն ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) պաշտոնական հրապարակումների՝ «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 10 հաբից 6-ը պարունակում է մահացու չափաբաժին, իսկ համաձայն վիճակագրական տվյալների` Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2022 թվականի ընթացքում «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցից մահացել է շուրջ 72 հազար քաղաքացի և այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է: Ֆենտանիլի ազդեցության էֆեկտը 50 անգամ ավելի ուժեղ է քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ` քան մորֆինի ազդեցությունը:
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական ճանապարհով թմրամիջոցների տեղափոխումից և օգտագործումից:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք
- Ռուստամ Բադասյան. Հայաստանում արդեն հայտնվում են խիստ մահաբեր թմրանյութեր
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է թմրանյութի առգրավման մասին մամուլի հրապարակումները
- Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
- Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութն առգրավվել են Սիցիլիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան