Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը բնակարան տալիս հենց երգիչ Ֆորշին
Երևանի ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանն ավագանու նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը բնակարան տալիս հենց երգիչ Ֆորշին, չէ՞ որ էլի արտիստներ կլինեն, որոնք ոչ բարենպաստ պայմաններում են ապրում։
«Ինչո՞ւ հենց Ֆորշին։ Որքանով ես եմ տեղյակ, Ֆորշի մասնագիտություն ունեցող մարդիկ այդքան վատ ֆինանսական վիճակում չեն, բարձր եկամուտներ են ունենում, ինչո՞ւ որոշեցիք բնակարան նվիրել Ֆորշին։ Չի՞ կարողանում իր միջոցներով բնակարան գնել»,- հարցրեց նա։
Հարցը զեկուցողն ասաց, որ որոշումը դեռ կայացված չէ, առաջարկ է, ավագանու անդամն ազատ է, կարող է քվեարկել ինչպես ցանկանում է։
«Այո, շատ արժանավոր գործիչներ կան մշակութային և այլ ոլորտներոմ, ովքեր ապրում են վատ վիճակում, չի բացառում որ ավագանին նախաձեռնի որևէ մի արժանավորի բնակարան նվիրելու հարց։
Բոլոր երևանցիները գիտեն, որ Ֆորշն այս քաղաքի կոլորիտն է»,- ասաց նա։
Նշվեց նաև, որ Ֆորշն անձամբ չի դիմել, քաղաքային իշխանությունների նախաձեռնությունն է։
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն ասաց, որ հարցեր կան, որոնք չզեկուցվող մի փաթեթով են, սակայն դրանց մի մասին իրենք ուզում են կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկել։ Նա նշեց, որ չզեկուցվող կարող էր լինել նաև, օրինակ, էլվինա Մակարյանի անունով փողոց անվանակոչելու հարցը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ համամիտ չէ այս վերջին դիտարկման հետ, քանի որ փողոցների անվանակչությունը պետք է հանրային ձևով արվի։
«Լավ, իսկ Ֆորշին բնակարան նվիրելը հանրային ձևով չպետք է արվի՞։ Վատ բա՞ն եք անում։
Այսպիսի վիճակով մենք թուլացնում ենք ավագանու ինստիտուտը։
Բայց սա դառնում է գռդոն՝ բերեցինք, գռդոն արեցինք, գնացինք»,- ասաց Մանրիկյանը։
Նշենք, որ ավագանու նիստի օրակարգում է Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը անհատույց օտարելու մասին հարցը:Որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետին՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին՝ Ֆորշին:
«Սիրված երգիչը բնակվում է վարձակալական հիմունքներով: Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»,- ասված է որոշման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են