Արսեն Բաբայան. Այս իշխանությանը հեռացնել կհաջողվի միայն նրանց
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Այս իշխանությանը հեռացնել կհաջողվի միայն նրանց, որոնք իրապես չեն խուսափի ուղիղ ասել, որ իրենք պայքարում է հենց Պետությունն առաջնորդելու համար։
Սա, իհարկե, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է այս իշխանությանը հեռացնելու և նրա տեղը ԳՐԱՎԵԼՈՒ համար։
Համաձայնվեք բոլոր նրանց հետ, որոնք ձեզ մեղադրում են, որ իշխանություն եք ուզում։ Համաձայնվեք բոլոր նրանց հետ, որոնք ձեզ մեղադրում են, որ իշխանության կռիվ եք տալիս։ Բաց ճակատով հայտարարեք նրանց, որ ԱՅՈ, հենց իշխանություն եք ուզում։ Սովորեցրեք նրանց, որ առանց այդ իշխանության ոչինչ անել չեք կարողանա։ Իսկ անել՝ պարտավոր ենք։
Ես այլևս չեմ հավատում թեզին՝ «հլը սրանց քշենք, հետո որոշենք, թե ով պիտի ղեկավարի պետությունը»։ Չէ, այլևս չկա նման հնարավորություն ու ես այլևս չեմ հավատում այդպիսի թեզեր տարածողներին։ Այլևս դա կիսատ է, դա չարդարացված (որոշների դեպքում գուցե արդարացված, բայց նրանք ազգին անպետք են) «ծրագիր է»։ Այլևս անցել են քաղաքական նրբանկատության ժամանակները։ Այլևս ժամանակ չպետք է ծախսել իրար սիրաշահելու վրա։ Այլևս միասին պիտի հաղթահարենք ու հաղթենք։
Ես չեմ հավատում մարդկանց, որոնք չունեն համարձակություն ասելու, որ ԱՅՈ, իրենք պայքարում են սրանց դեմ, որպեսզի հենց իրենք գան իշխանության։ Իսկ էլ ո՞վ գա հենց ձեր փոխարեն, եթե դուք եք հայտարարում, որ գիտեք սխալները։ Եթե գիտեք սխալները, ուրեմն պարտավոր եք իմանալ ճիշտ անելիքները։ Եթե գիտեք ճիշտ անելիքները, ուրեմն ձեզանից լավ ձեր փոխարեն դա որևէ մեկը չի կարող անել։
Հակառակ դեպքում ինքներդ ձեզ չեք հավատում, իսկ եթե հավատում եք՝ ուրեմն ազնիվ չեք մյուսների հետ։ Եթե չեք հավատում կամ ազնիվ չեք՝ ազգն էլ երեխու ազնվությամբ ու բնազդով դա զգում է։ Չի կարողանում բացատրել, ինչպես երեխան, բայց զգում է և դիմադրում։
Հանրության զգալի հատված կա, որ այս երկու օրերին հրապարակայնորեն առաջնորդի է փնտրում։ Պատճառը հենց ասվածն է։ Մենք (ազգը), զգում ենք, բնազդով ենք զգում, ինչպես երեխան։ Որքան էլ տիտղոսային առաջնորդներ նշանակենք, ինչքան էլ ասենք՝ խոշոր ընդդիմություն, հռչակենք ընդդիմության առաջնորդին կամ առաջնորդներին, միևնույնն է, ազգն այդ առաջնորդությունը չի զգում։ Չի զգում, քանի որ ընդամենը հռչակագրային կամ այ (փաստա)թղթով նշանակված է, և ոչ երբեք զգացական, ոչ երբեք էմոցիոնալ, ուստի՝ ոչ երբեք հոգուց ու սրտից։
Այո, կարգախոսներով անհնար է Հայրենիք կառուցել։
Բայց այս մեկն ինձ համար սոսկ կարգախոս չէ, սա պատգամ է և այն արտասանելիս ես հոգով ու սրտով եմ զգում դրա իմաստն ու հավատում եմ դրան.
«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»։
Հ.Գ. Առաքինությունն աստվածային շնորհ է, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան