Երևանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ, կարող են նաև հրդեհել. Ավագանու անդամ
«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման հարցը, խնդրում եմ, մեկ շաբաթից շուտ կարգավորվի, քանի որ խոսքը թունավոր ծխի մասին է»,- այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։
Նա նշեց, որ հրդեհի բռնկումից հետո նաև խոսակցություններ են տարածվել, որ կան որոշակի խմբեր, որոնք միմյանց միջև բաժանել են աղբավայրի տարածքն ու գուցե նաև այդ հրդեհն առաջացել է այդ խմբերի՝ իրեր մեջ տարածքը չկիսելու պատճառով։
«Արձանագրենք մի փաստ, որ Երևանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ և այնտեղից իրենց համար պիտանի բաներ են հանում, իսկ իրենց միջև եղած խնդիրների պատճառով կարող են նաև հրդեհել աղբավայրն ու երևանցիներին ասեն՝ մի 10 օր այդ ծուխը շնչեք», - ասաց Զաքարյանը։
Նա հարց ուղեց, թե այդ պարագայում ինչո՞վ է զբաղվում «Նոր աղբավայր» ՓԲԸ-ն և ինչպես են այդ մարդիկ հայտնվում աղբավայրի տարածքում, հիմա էլ 21-րդ դարում ստիպված են այդ աղբավայրը հողով փակել։
Արձագանքելով ավագանու անդամի հնչեցրած խնդրին՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ նման վարկածները մեկնաբանելու, եզրակացություն տալու, դրանց ճշմարտացիությունը կամ ոչ ճշմարտացությունը հիմնավորելու պատասխանատվություն չի կարող վերցնել, քանի որ այդ ուղղությամբ արձանագրված որևէ փաստ կամ հաղորդում չի եղել։
Անդրադառնալով հրդեհաշիջման աշխատանքներն արագացնելուն՝ նա ասաց. «Ինչպես հայտարարել եմ երեկ, մայիս ամսվա այս տեղուների ժամանակ բավականին անսպասելի էր ծավակը։ Ըստ էության, այն 31 հա-ն, որը տրված էր վարձակալության այս ընկերությանը, գրեթե ամբողջ պարագծով բռնկվել է և ծխի ծավալը դրանով էր պայմանավորված։ Մեր խնդիրն է եղել անհետաձգելի բոլոր աշխատանքները կազմակերպել կրակը մարելու և ծուխը վերացնելու ուղղությամբ։ Աղբավայրում հրդեհի առաջին դեպքը չէ, ամեն տարի ամռան շոգ եղանակին բռնկվել է»։
Ինչ վերաբերում է խմբերի վարկածին՝ Արեյանն ասաց, որ հավաքչությամբ զբաղվող խմբերն այնտեղ եղել են աղբավայրի ստեղծման օրվանից. «Միշտ են եղել։ Հիմա էլ են աշխատում՝ երկրորդային հումքի հավաքչությամբ են զբաղված։ Չգիտեմ՝ մարդիկ սոցիալական ինչ ծագում ու ինչ կարգավիճակ ունեն։ Դա պաշտոնական որևէ արձանագրում չունի մեզ մոտ՝ մարդիկ են, զբաղվում են աղբավայրում հավաքչությամբ»։
Խոսելով «Նոր աղբավայր» ՓԲԸ պարտականությունների համսին, նա նշեց, որ նրանց պարտականությունների մեջ է մտնում աղբն ընդունելը, թոփանելն ու տարածքը մշակելը։
«Մենք էլ ենք ընդունում, որ վատ է արվում։ Հիմա մենք կունենանք քննարկում «Նոր աղբավայր» ՓԲԸ-ի ղեկավարության ու ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի օրվա աղբի ընդունման, թոփանման, մշակման ու տեղավորման հետ կապված խնդիրները դառնան խիստ վերահսկելի», - նշեց Կամո Արեյանը։
Նրա խոսքով, այս պահին իրենց առաջնային խնդիրը կրակը մարելը, ծուխը վերացնելը և նոր աղբավայրի կառուցման ծրագրին ձեռնամուխ լինելն է։
Հարակից հրապարակումներ`
- Նուբարաշենի աղբավայրում հրդեհն ընդգրկել է շուրջ 20 հա տարածք
- Կամո Արեյան. Մեկ շաբաթ դեռ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար
- Նուբարաշենի աղբավայրում մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ
- Նուբարաշենի աղբավայրի չշիջած հրդեհի թունավոր ծուխը շարունակվում է տարածվել Երևանի և աղբավայրին հարակից համայնքների վրա
- Երևան քաղաքի ծուխը Նուբարաշենի աղբավայրի տարածքում ծխացող օջախներից է