Երևանի ավագանու անդամը բողոքում է՝ երկու ամիս է չի վճարվում
«Ի՞նչ սզբունքով եք համարակալում օրակարգի հարցերը, եթե չզեկուցվող հարցերը, ըստ էության, չեն համարվում քվեարկված հարցեր»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին։
Ըստ նրա, ներկայիս մոտեցումը մոլորության մեջ է գցում մարդկանց։
«Խնդիրը գիտեք ինչում է։ Դուք կարող էիք դրանք երրորդ համարի տակ «a, b, c, d, e» համարակալումով ձևակերպել, որպեսզի դա մի հարցի տակ անցներ։ Մարդկանց մոլորության մեջ եք գցում։ Տպավորությունն այդպիսին է։ Ես երկու ամիս է չեմ վճարվում այդ պատճառով, քանի որ չեմ հասկացել, որ չզեկուցվող հարցերը չեն հաշվվում։ Ինձ որևէ մեկը չի զգուշացրել», - ասաց Սարգսյանը
Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ քվեարկումն իրականացվում է մեկ փաթեթով, բայց յուրաքանչյուր հարցի մասով կայացվում է առանձին որոշում։
«Հաշվի առնելով, որ սա նախավերջին նիստն է և հինգ տարի արդեն աշխատել ենք այս տեմպով, առաջարկում եմ հաջորդ ավագանու համար նոր բան մտածել։ Հիմա այս փուլում ուշացած է։ Ես հասկացա՝ դուք ուզում եք, որ «1, 2, 3»-ի փոխարեն լինի «a, b, c», բայց կրկնեմ՝ սա մեկ հարց չէ, սա երկրորդ հարցի ենթակետերը չեն, որպեսզի մենք «2-ի a, 2-ի b, 2-ի c» համարակալենք։ Չզեկուցվողում ներառված այս բոլոր հարցերն առանձին հարցեր են, առանձին որոշումներ»,- ասաց Լ. Հովհաննիսյանը։