Երևանում կան այնպիսի անձանց անուններով փողոցներ, որոնք մասնակցել են հայերի զանգվածային գնդակահարություններ. Ավինյան
Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ` «Երեմ Վարդանյան փողոց»:
Նախագիծը զեկուցեց ավագանու «Իմ քայլը» խմբակցոթյան անդամ Նուարդ Վարդանյանը: Որոշումն ընդունվեց 48 կողմ, 0 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարցեց՝ մի քիչ շատ չե՞ն անվանափոխում փողոցները:
«Ամեն նիստին փաթեթներով գալիս են: Ամենայն հարգանքով բոլոր մեծերի հանդեպ, բայց մենք մարդկանց նեղություն ենք տալիս: Այդ մարդիկ առնվազն մեկ անգամ պետք է գնան Անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի հասցեների փոփոխություն արվի: Ի՞նչ նպատակ ունենք անընդհատ անվանափոխություններ անելով։ Դարձրել ենք սա ամեն անգամ օրաարգային հերթական հարց»,- ասաց Ավանեսովը:
Նուարդ Վարդանյանն ասաց. «Ինչի՞ վրա եք ապշում, որ ավագանին կատարում է ավագանու գործունեությո՞ւն: Փողոցները, որոնք հիմա անվանակոչվում են, բոլորը համարակալված են: Ոչ մի անվանափոխություն չի լինում: Ի՞նչ ա նշանակում՝ փողոցները թողեք, մի քիչ էլ ուրիշներն անվանակոչեն: Թողնում եմ, անվանակոչեք»:
Էռնեստ Ավանեսովն արձագանքեց. «Կներեք, ներկա իրավիճակը հաշվի առնելով, մենք դա անելով տուն-տունիկ ենք խաղում»։
Երևանի ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանն ասաց, որ փողոց անվանակոչելը, անվանափոխելը շատ լուրջ հարց է. «Անհրաժեշտ է հստակ չափանիշներ, ներմեր, որից հետո նոր կարելի է մարդու անունով փողոց անվանակոչել։ Քանի դրանք ստեղծված չեն, այս տեմպով փողոցներ անվանակոչելը պարզապես սխալ է»։
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն առաջակեց անդրադառնալ անվանափոխություններին. «Այն փողոցը, որտեղ ես էի ապրում, Միխայիլ Ֆրունզեի փողոցն էր, և, եթե կարդանք իր կենսագրությունը, կարող է ամաչենք, որ ընդհնարապես Երևանում նման փողոց ունենք: Առաջարկում եմ նաև անվանափոխություններին անդրադառնալ»:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանն ապրող և շնչող օրգանիզմ է, իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, կառուցվում նոր փողոցներ, որոնք համարակալված են դեռևս, անվանակոչված չեն։
«Անվանակոչումներն ունեն ճանաչողական, դաստիարակչական և մշակութային նպատակ: Անվանակոչումները, վստահաբար, պետք է շարունակվեն, ավագանին իրականացնի իր գործառույթը, միգուցե ավելի համակարգված: Միգուցե նաև անվանափոխությունների հարցերին պետք է անդրադառնանք, որովհետև վստահաբար կան անձինք, ում անուններով Երևանում կոչված են փողոցներ, որոնք մասնակցել և կազմակերպել են հայերի զանգվածային գնդակահարություններ»,- նշեց Տիգրան Ավինյանը: