Իշխանություններն առաջին անգամ չէ, որ ցուցադրում են «մեր դեմ խաղ չկա» բանաձևի գործնական կիրառումը. Խոսրով Հարությունյան
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատների նստացույցը։ Նրանք մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով մեկ ամսով կալանավորվել է Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
«Հայաստանում մեկի դեպքում օրենքը գործում է, մյուսի դեպքում՝ ոչ։ Օրինակ, ԱԺ նախագահը կարող է թքել մարդու դեմքին, որևէ պատիժ չկրի, իսկ այս դեպքում տեսնում ենք, որ Աշոտ Փաշինյանն անձամբ նստում է մեքենա։ Նպատակադրված Գայանե Հակոբյանին զրկել են ազատությունից։ Ամոթ է խոսել սրա մասին։ Երբեք չեմ ամաչել, որ հայ եմ, միշտ հպարտ եմ եղել, հիմա ես ամաչում եմ, քանի որ հասել ենք այն սահմանին, որից այն կողմ ոչնչացում է։ Վերջին հինգ տարվա հենց դրան է տարվում»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ զինվորի մայրը հանրության համար վտանգավոր անձ չէ, որքան էլ ուզում են իրավապահ կառույցները փաստեն, որ եթե նա մնա ազատության մեջ, կարող է կրկնվել «առևանգության» դեպքը։
«Բացառված է։ Առևանգում որպես այդպիսին չի եղել, այլ հարց է, որ դա գեղեցիկ ներկայացրեցին, ժողովրդական լեզվով ասած՝ սարքեցին։ Կարծում եմ՝ այս պահին մեր խնդիրը բարոյական է։ Պախարակելի ու դատապարտելի է զոհված զինվորի մորը փակի տակ պահելը։ Որևէ մեկնաբանություն ընդունելի չէ»,- ասաց Խ. Հարությունյանը։
Նա նշեց, որ իր համար անընդունելի է հանրային անտարբերությունը, ցավով արձանագրում է, որ այսօր հանրությունը լքել է իր հերոս զավակների ծնողներին, որդեկորույս ծնողներին։
«Խոսքը մեր երկրի, հասարակության, մեր երեխաների վաղվա օրվա մասին է։ Մեր վերաբերմունքով դաստիարակում ենք նաև մատաղ սերնդին։ Արդյո՞ք մենք ճիշտ մեսիջ ենք ուղարկում նոր ձևավորվող սերդին։ Ոչ։ Անտարբերություն նման հարցերում՝ անթույլատրելի ու դատապարտելի է»,- ասաց Խ. Հարությունյանը։
Նրա խոսքով, իշխանություններն առաջին անգամ չէ, որ ցուցադրում են «մեր դեմ խաղ չկա» բանաձևի գործնական կիրառումը, «Խնդիրը դրանում չէ։ Մենք կարող ենք խոսել իշխանությունների մասին, գնահատել նրանց վարքագծը։ Խնդիրը, իմ պատկերացմամբ, հանրության ընդդիմադիր հատվածի վարքագծի մեջ է։ Սա է հարցը։ Հանրության ընդդիմադիր հատվածը պետք է գիտակցի նաև իր սեփական պատասխանատվությունը։
Խոսքը գնում է հանրության ընդդիմադիր հատվածի մոբիլիզացման, գործունեության կազմակերպման մասին։ Նման դեպքերը պետք է դառնան առիթ, որպեսզի ընդդիմադիր հատվածն ընդվզի։ Եթե չեք պաշտպանում այս իշխանություններին, ցույց տվեք, որպեսզի իշխանությունը գիտակցի, որ իր քայլերը հանրության հիմնական հատվածը չի աջակցում, արտաքին խաղացողները, որոնք հետևում են երկրի ներքին իրադարձություններին, հասկանան, որ երկրի մի հսկայական զանգված ընդվզում է այն քաղաքականությանը, որը պարտադրվում է մեզ»,- ասաց Խ. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանն այցելել է տիկին Գայանեին
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
- «Մեր դեմ հայտարարված է լիակատար պատերազմ, սա միայն տիկին Գայանեի հարցը չէ»
- «Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»
- Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր