Դատավոր Ելիզավետա Դանիելյանը ցավում է, որ Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ
Դատավոր Ելիզավետա Դանիելյանը ցավում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ: Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցի քննարկմանը։ Թեկնածուներից մեկը հենց Ելիզավետա Դանիելյանն է։
«Ես չեմ հանդիսանում ԲԴԽ անդամ ու որևէ կերպ չեմ մասնակցում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու քվեարկությանը, ես հանդիսանում եմ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողովի անդամ», - նշեց նա:
Դատավորն ասաց, որ Աննա Փիլոսյանը դատական համակարգ է ընդունվել այն ժամանակ, երբ ինքը դատարանի նախագահ էր:
«Ուսանողական նստարանից ընդունել եմ աշխատանքի ու մարդկային որոշակի մտերմություն է ձևավորվել, այդ առումով, բնականաբար, ես շատ ցավում եմ, որ երիտասարդ կադրը չի աշխատում այս պահին», - նշեց Ե. Դանիելյանը:
Նա նշեց, որ չի կարող ԲԴԽ-ի փոխարեն պատասխանել՝ չկա՞ր այլ որոշում, որ ընդուներ դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ:
«Ես որպես կարգապահական հանձնաժողովի անդամ ասեմ, որ եղել են դեպքեր, երբ կարգապահական վարույթներ են հարուցվել, այնուհետև հանձնաժողովի քվեարկության արդյունքում կարճվել են, չեն փոխանցվել ԲԴԽ»,- ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: ԲԴԽ որոշմամբ, դադարեցվել են դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշմամբ՝ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ. Մելիքյան
- Արսեն Բաբայանը հրավիրում է ԱՆ ուշադրությունը. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին
- Հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ․ Աննա Փիլոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան