Լիլիթ Սահակյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության այսօրվա նիստում ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվել է աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Լիլիթ Սահակյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կրթական բաղադրիչն ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը:
Կենտրոնի զարգացման պլանով նախատեսվում է․
° Հիմնարար և կիրառական, միջդիսցիպլինար հետազոտություններ, նոր ուղղությունների զարգացում, ընդլայնում
° Կառավարման էլեկտրոնային համակարգի անցում
° Նյութատեխնիկական բազայի ամրապնդում՝ ներառյալ հատկապես լաբորատարիայի վերազինումը
° Գիտակրթական գործունեություն և կադրերի որակավորման բարձրացում, կրթական բաղադրիչի զարգացում
° Միջազգային ինտեգրում և ինովացիոն, տնտեսական գործունեություն
° Քիմիական լաբորատորիայի վերազինում, վերակառուցում՝ հավատարմագրման վերականգնում՝ լրացուցիչ տարածքի հարցի լուծում
° Գիտաչափական արդյունավետության աճի տեմպերի պահպանում
° Գիտության հասարակայնության մակարդակի բարձրացում, նոր կայքի ստեղծում
° Սոցիալական ծրագրերի ակտիվացում
° Կենտրոնի անվանափոխություն հիմնադիր տնօրեն՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով։
Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979 թ․՝ Երևանում: Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում: 2008թ․ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:
Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում հեղինակել է 130 գիտական աշխատություն, որոնցից 5-ը՝ կոլեկտիվ մենագրություն, 3-ը՝ գիտամեթոդական ձեռնարկ և 80-ը՝ հոդված, այդ թվում՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող հղման բարձր ինդեքսով ամսագրերում: Ունի սկոպուսյան հղման h-index 20:
1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ 2019-2020թթ. եղել է Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ 2020-2023թթ․` տնօրենը:
2010 թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները: 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ամբիոնի վարիչն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան