ԱՄՆ-ն Բաքվին ու Երևանին վիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
ԱՄՆ վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի առավել վիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ։ Կողմերն այժմ դիտարկում են դրանք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Երասիայի հարցերով տեղակալի օգնական Դերեք Հոգանը։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել է, որ երկու երկրների միջև բանակցություններում առկա է առաջընթաց։
«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու առավել վիճելի հարցերի շուրջ, այդ թվում զորքերի դուրսբերումը սահմանային գոտուց, վեճերի լուծման մեխանիզմները, որոնք ներառված են համաձայնագրում, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին ու անվտանգության պաշտպանությունը: Սրանք հարցեր են, որոնց վրա մենք աշխատում ենք»,- ասել է ԱՄՆ ԱԳՆ աշխատակիցը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Դերեք Հոգանը նշել է, որ անցած շաբաթ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ կարելի է առաջ շարժվել։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ա. Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները