Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է
«Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս»:
Այսօր նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է.նա կդառնար 100 տարեկան։
«Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը կոչվում է «Նեյտրոնային զենքին` ոչ»: «Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց, սակայն չի վնասում շինությունները: Մարդիկ չկան, իսկ նրանց կառուցած քաղաքները կանգուն են, իրերն` անվնաս: Բայց դրանք այլևս ոչինչ չարժեն, եթե մարդը չկա»:
Հիմա շատ տարիներ են անցել ու ես նորից եմ նայում Հակոբյանի կտավը: Այնտեղ ոչ մի նեյտրոնային ռումբ էլ չկա: Դա ընդամենը շատ հարմար պատրվակ է եղել նրա համար` ստեղծելու այդպիսի մի աշխատանք, որ պիտի մեզ հիշեցներ այն մասին, թե ինչպես է ավարտվում ու ոչնչանում մարդը, երբ նյութական աշխարհը գերիշխում է նրա կյանքում: Հակոբյանն ավելի սարսափելի զենք էր տեսել, որ հաղթում է առանց պայթյունի»,- գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։
«Հակոբ Հակոբյանի արվեստը որքան ազգային, նույնքան էլ համամարդկային է: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր վարպետությամբ և գեղանկարչական յուրօրինակ լուծումներով: Զուսպ գծանկարով, համեստ գունապնակով, մանրամասնորեն մշակված հորինվածքով նատյուրմորտներում արվեստագետը պարզ կենցաղային իրերի միջոցով երևան է հանում առարկաների թաքնված գեղեցկությունն ու դրանց կապը շրջապատի հետ: Դիմանկարների հերոսներն առօրյա հոգսերի տակ կքած, իրենց ներաշխարհում խորասուզված կերպարներ են, որոնց նկարիչը պատկերում է անշուք ու գրավչությունից զուրկ միջավայրում՝ իր արվեստին բնորոշ ասկետիկ գեղանկարչական ձևերով ու գույներով: Իսկ բնանկարներում, որոնք գերիշխում են Հայաստան տեղափոխվելուց հետո, բացահայտվում է նկարչի անսահման սերն ու կարոտն առ հայրենիք: Ռեալիստի սթափ հայացքով նա պատկերում է փոշոտ, քարքարոտ, բուսազուրկ բնաշխարհի խստաշունչ գեղեցկությունը, որը մինչ այդ անծանոթ էր դիտողին: Ձևերի ու ծավալների, գույնի ու գծի, հեռանկարի ու տարածության յուրահատուկ ներդաշնակությամբ, գրաֆիկական չոր մաներայով արված բնանկարներում արվեստագետը, խտացնելով հայրենի եզերքի թաքնված գույներն ու ձևերը, նոր շունչ ու տեսք է հաղորդում դրանց»,- նշված է Հայաստանի Ազգայն պատկերասրահի ֆեյսբուքյան էջում:
Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև մասնագիտական կրթություն է ստացել Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում։ Եգիպտոսում ճանաչված և սիրված արվեստագետը 1962 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան ու մինչև կյանքի վերջը (2013 թ. մարտի 8) մնացել իր հայրենիքում:
«Օտարությունից եմ եկել իմ հայրենիք: Սա նշանակում է, որ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»,- ասել է նա:
Հայաստանում մեկը մյուսին հաջորդում են նկարչի անհատական ցուցահանդեսները, նա մասնակցում է տասնյակ ու տասնյակ միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունենում արտասահմանյան բազում երկրներում, արժանանում է պատվավոր մրցանակների և բարձր պարգևների: «Հայաստանն անվերջ նյութ է նկարչի համար. ամեն մեկն իր գույնն է վերցնում:Ես վառ գույների նկարիչ չեմ»,- ասել է նկարիչը:
Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները։
«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,- ասել է Հ. Հակոբյանը
Մարտիրոս Սարյանը Հակոբ Հակոբյանի մասին ասել է. «Նա կարողանում է զրուցել բնության հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան