Մասնագետ. Նստակյաց աշխատանքը կարող է առաջացնել փորկապություն
Նստակյաց աշխատանքը, պասիվ կենսակերպն ու ոչ ճիշտ սննդակարգը կարող են առաջացնել փորկապություն: «Իզմիրլյան» ԲԿ-ից հայտնում են՝ փորկապությունը մեր ժամանակների ամենատարածված խնդիրներից է:
Պարբերական ու երկարատև փորկապությունը կարող է հաստ աղիքի և հետանցքային ուղու մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, խթանել նորագոյացությունների առաջացումը:
Այս խնդրի սկզբնական շրջանում կատարվում է պահպանողական բուժում ֆերմենտային, աղիքի գործունեությունը խթանող, միկրոֆլորան վերականգնող դեղերի, բջջանքով հարուստ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության օգնությամբ: Երբ պահպանողական բուժումն արդյունավետ չէ, կատարվում են վիրաբուժական միջամտություններ:
ԲԿ մասնագետները նշում են՝ կատարվող վիրաբուժական միջամտությունները թույլ են տալիս վերացնել հաստ աղիքի արատները և վերականգնել դրա լիարժեք կենսագործունեությունը: