Վրաստանում գրանցվել է Ղրիմի-Կոնգո տենդի ութ դեպք
Վրաստանի Ինֆեկցիոն ախտաբանության և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտնել է, որ վերջին շրջանում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի ութ դեպք է գրանցվել հանրապետությունում, հիմնականում՝ Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի շրջաններում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
«Բոլոր ութ հիվանդներն ընդունվել են Ինֆեկցիոն ախտաբանության և ՁԻԱՀ-ի կենտրոն։ Բոլորը ողջ են: Նրանցից վեցն արդեն դուրս են գրվել, երկու հիվանդ շարունակում են բուժում ստանալ»,- ասել է նա։
Ինչպես նշում է Ցերցվաձեն, Վրաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում շոգ սեզոնի գալուստով ակտուալ է դառնում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի տարածումը։
«Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը պատկանում է հատկապես վտանգավոր վարակներին, ինչը պայմանավորված է այս հիվանդությամբ առաջացած բարձր մահացությամբ՝ 10-40% (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), բարձր փոխանցելիությամբ և արդյունավետ հատուկ բուժման դեղերի/պատվաստանյութերի գործնական բացակայությամբ։ Դիտարկվում է հակավիրուսային «Ռիբավիրին» դեղամիջոցի օգտագործումը, չնայած դեռևս չկա դրա արդյունավետության հիմնավոր ապացույցներ:
«Մարդկանց 80-90%-ը վարակվում է տզի խայթոցի, ինչպես նաև վարակված կենդանիների/անասունների արյան կամ հյուսվածքների հետ անմիջական շփման միջոցով (օրինակ՝ կենդանիների սպանդի ժամանակ): Վիրուսը մարդուց մարդ կարող է փոխանցվել վարակված մարդու արյան և/կամ կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով (ռիսկը մեծ է բժշկական մանիպուլյացիաների կամ դիակի հետ շփման ժամանակ): Ըստ այդմ, ռիսկային խմբերը ներառում են՝ գյուղատնտեսության աշխատողներ, անասնապահներ, կենդանիների սպանդանոցների աշխատողներ, անասնաբույժներ, զինվորականներ, բուժաշխատողներ, ճանապարհորդներ (Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի էնդեմիկ շրջաններում)»,- նշել է Ցերցվաձեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան