Կառավարությունն այսօր 773,3 մլն դրամ փոխհատուցում կտա 2022 թ.-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրեջանին անցած շինտեխնիկայի դիմաց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի փոխհատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների կողմից կապալային աշխատանքների կատարմանը ներգրաված գույքին հակառակորդի կողմից հասցված վնասը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկաների դուրս բերումը ռազմական գործողությունների գոտիներից հնարավոր չի եղել ապահովել, որի արդյունքում դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:
Մասնավորապես, հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող թվով չորս ՍՊԸ-երի պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է հակառակորդի տիրապետության տակ, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը և 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը հակառակորդի գնդակոծության հետևանքով վնասվել են: Քանի որ համապատասխան աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 15-ի N 1924-Ա որոշմամբ նախատեսվել է ՊՆ կարիքների համար կնքված կապալային աշխատանքների պայմանագրերով համապատասխան տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի և վնասվելու պայմաններում համապատասխան կազմակերպություններին փոխհատուցում տալու ընթացակարգը:
Դրա շրջանակներում համապատասխան պայմանագրերում ներառվել են գույքին հասցված վնասը պատվիրատուի կողմից փոխհատուցվելու դրույթները, գույքերին հասցված վնասը սահմանված կարգով գնահատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որի ընդհանուր չափը կազմում է 773,340.0 հազար դրամ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 09.11.2021թ. թիվ 1279-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում եզրակացություն է կայացվել թվով 19 իրավաբանական անձանց փոխահատուցել հասցված վնասը, իսկ հակառակորդի տիրապետության տակ անցած 1 միավոր բուլդոզեր ЧТЗ Б-10 տեխնիկան հնարավոր չի եղել գնահատել՝ ելակետային փաստաթղթերի ամբողջական բացակայության պատճառով»:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզպետը ՌԴ դեսպանին ուղեկցել է սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր
- Թաթոյան. Ադրբեջանցիները սեպտեմբերի 13-14-ից հետո հափշտակել են մեր քաղաքացիներին պատկանող 7 մեքենա, մինչև 6000 հատ ոչխար
- Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան